Home / Հայաստան / Ինչպե՞ս Հայաստանը կարող էր այլ կերպ քվեարկել․ Ռուսաստանի դաշնակիցների մասին

Ինչպե՞ս Հայաստանը կարող էր այլ կերպ քվեարկել․ Ռուսաստանի դաշնակիցների մասին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում միջազգային հանրությունը՝ ի դեմս Հայաստանի, Բոլիվիայի, Զիմբաբվեի, Սիրիայի, Վենեսուելայի, Սուդանի, Նիկարագուայի, Կուբայի, Հյուսիսային Կորեայի և Բելառուսի, իր վերաբերմունքն արտահայտեց Ռուսաստանի հանդեպ։ Կրեմլի դաշնակիցների մասին «Էխո Մոսկվի» կայքի իր բլոգում գրում է իրավիճակային վերլուծության փորձագետ Վլադիմիր Բեկիշը։

Հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար․

– Թվաբանությունը թողնենք տարրական դասարանների ուսուցչուհիներին։ Թող իրենք իրենց դպրոցականների հետ հաշվեն՝ որ ձայներն են ավելի շատ՝ «կողմ»-ն ու «ձեռնպահը» միասին, թե՝ «դեմ»-ը։

Ավելի լավ է նայենք՝ ինչով են նշանակալից Ռուսաստանին աջակցած երկրները։

Հայաստան, Բոլիվիա, Զիմբաբվե, Սիրիա, Վենեսուելա, Սուդան, Նիկարագուա, Կուբա, Հյուսիսային Կորեա և Բելառուս։ Կարելի է դիտարկել այբբենական կարգով։ Բայց կարելի է նաև՝ այլ չափանիշներով։ Ասենք՝ զարգացման համաշխարհային վարկանիշում իրենց հորիզոնականով։

Բելառուս՝ 58-րդ հորիզոնական,

Նիկարագուա՝ 73-րդ հորիզոնական,

Վենեսուելա՝ 78-րդ հորիզոնական,

Բոլիվիա՝ 86-րդ հորիզոնական,

Հայաստան՝ 95-րդ հորիզոնական,

Սիրիա՝ 122-րդ հորիզոնական,

Զիմբաբվե՝ 124-րդ հորիզոնական,

Սուդան՝ 128-րդ հորիզոնական,

Հյուս․ Կորեա – հորիզոնականն անհայտ է։ Գաղտնիք է բոլորի համար, ու ոչնչի հետ չի կարելի համեմատել։

Ըստ էության, սա դեռ ոչինչ չի ասում։ Տնտեսապես ու սոցիալապես թույլ պետություն լինելը դեռևս չի նշանակում հիմար լինել։ Առավել ևս, որ իմաստությունը փորձի հետ է գալիս։ Ու հնարավոր է՝ այս երկրները պարզապես իմաստուն ղեկավարներ ունեն․․․

Օրինակ, Սիրիայի նախագահ Բաշիր Ասադն իր պաշտոնը զբաղեցնում է արդեն 13 տարի։ Իսկ դրանից առաջ նրա հայրը երկիրը ղեկավարել է 30 տարի։

Իսկ Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան իր պաշտոնը զբաղեցնում 18 տարի։

Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ 19 տարի։

Իսկ Սուդանի նախագահ Օմար Ալ Բաշիրը՝ 24 տարի։

Իսկ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն՝ 34 տարի։

Հյուսիսային Կորեայի մասին չենք խոսի։ Կիմերն այնտեղ միշտ են ու ընդմիշտ։

Իհարկե, հիմա կգտնվի մի գերմանամուկ, ով կսկսի զառանցել բռնակալների ու դիկտատորների մասին։ Բայց չէ՞ որ դա կարող է պարզապես կյանքի փորձ լինել։ Ոչ թե ինչ-որ ժամանակավորների նման, ինչպես Ամերիկաներում ու Ֆրանսիաներում՝ երկու ժամկետ ու վերջ։

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգային, իր կողմից Սահմանադրությունը փոփոխելուց հետո, ընդհանրապես թույլ է տրվել ցմահ նախագահ լինել։

Լավ։ Ասենք՝ դա էլ ամենակարևորը չէ։ Կամ գուցե՝ կա գլոբալ գործընթացների ընդհանուր պատկերացում՝ հիմնված տնտեսական հարևանության վրա։ Չի բացառվում։ Օրինակ, Նիկարագուայի պարտքը ԽՍՀՄ-ին վերջինիս փլուզման պահին կազմում էր 3,5 միլիարդ դոլար (շուրջ 1000 դոլար երկրի յուրաքանչյուր բնակչի համար), բայց Ռուսաստանը հետզհետե դուրս գրեց այդ պարտքը։ Չկա էլ պարտք։

Բացի դա, Ռուսաստանը Նիկարագուա զինամթերք է մատակարարում։ Բացի դա, Ռուսաստանն այնտեղ Մարշալ Ժուկովի անվան բանակի ուսումնական կենտրոն է ստեղծել։ Բացի դա, Ռուսաստանն ամեն տարի անհատույց կերպով հոգում է Նիկարագուայի հացահատիկային կարիքները։

Կամ, ասենք, Բոլիվիան։ 2010 թվականին Ռուսաստանը Բոլիվիային 100 միլիոն դոլարի չափով վարկ տրամադրեց՝ զինամթերք ձեռք բերելու համար։ Մինչդեռ երկրի տարեկան ռազմական բյուջեն, ընդհանուր առմամբ, կազմում 134 միլիոն դոլար։ Բացի դա, Բոլիվիան գազի պաշարներով Լատինական Ամերիկայում զբաղեցնում է 3-րդ տեղը։ Եվ «Գազպրոմն» ու «Ռոսնեֆտն» արդեն գազի պաշարների հետազոտության համար պայմանագիր են ստորագրել։

Կամ, ասենք, Հայաստանը։ Մեր եղբայրն ու դաշնակիցը։ Դեռևս 2009 թվականին Ռուսաստանը Հայաստանին տրամադրեց վարկ՝ 500 միլիոն դոլարի չափով։ Իսկ ռուսաստանյան գազի գինը Հայաստանի համար կազմում է 189 դոլար։ Այն դեպքում, որ Եվրոպայի համար այն կազմում է 384 դոլար։ Նրանք ինչպե՞ս կարող էին այլ կերպ քվեարկել։

Ինչ վերաբերում է Զիմբաբվեին․ 2008 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Զիմբաբվեի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու բանաձևի ընդունման վերաբերյալ քվեարկություն էր անցկացնում։ Ռուսաստանն այդ բանաձևի վրա վետո դրեց․․․

Զիմբաբվեն, ընդհանրապես, յուրահատուկ երկիր է։ Գործազրկության մակարդակը 94 տոկոս է։ Աշխարհում միակ երկիրն է, որը շրջանառության մեջ տեղական 50 միլիոն դոլարի թղթադրամ է ունեցել։ Այն բանից հետո, երբ գնաճը մեկ ամսվա համար, վերջիվերջո, կազմեց 6500 տրիլիոն տոկոս, երկիրը հրաժարվեց սեփական արժույթից։ Երկրի ազգային արժույթը ներկայումս ԱՄՆ դոլարն է։

Ես կարող եմ նաև պատմել Սուդանի, Բելառուսի, Վենեսուելայի մասին․․․

Բայց կարիք կա՞․․․

Tekali Taxi