Ապրիլի 5-ին Գորիսում ՀՀԿ Գորիսի շրջանային խորհրդի հաշվետու ընտրական ժողովի ժամանակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընտրվել է Գորիսի շրջանային խորհրդի նախագահ, իսկ նախագահի տեղակալ՝ նրա հորեղբոր որդի Սասուն Խաչատրյանը, տեղեկացնում է aravot.am-ը:
ՀՀԿ Գորսիսի շրջանային խորհրդի գրասենյակից կայքի թղթակցին տեղեկացրել են, որ քվորումն ապահովված է եղել, խորհրդի 36 անդամից ժողովին ներկա է եղել 28 անդամ և նրանք միաձայն քվեարկել են Սուրիկ Խաչատրյանի օգտին:
Թղթակցի այն նկատառմանը, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ նախկին մարզպետը հորդորել է խորհրդի անդամներին ներկայանալ, քվորումն ապահովել և ճնշումների ներքո է նման ընտրություն կայացվել, խորհրդի անդամներից մեկը (չի ցանկացել հրապարակել անունը) տեղեկացրել է, որ դրանք զուտ ասեկոսեներ են, որևէ ճնշում չի եղել, ու իրենք իրենց կամքով են միաձայն ընտրել Սուրիկ Խաչատրյանին:
«Ճնշումներ ընդհանրապես չեն եղել, ուղղակի գյուղապետերը, ովքեր պետք է մասնակցեին, քանի որ սկզբնական կառույցների նախագահներ են, ուստի նաև խորհրդի անդամ, տարբեր պատճառներով ներկա չէին։ Կանոնադրությունը թույլատրել է գոնե տեղակալներից որևէ մեկը ներկա լինի նրանց փոխարեն, ներկայացել են, և քվորումն ապահովվել է: Խորհրդի 36 անդամից 28-ը ներկա էր, մյուս 8-ը հարգելի պատճառով բացակայում էր՝ ոմանք գտնվում էին հիվանդանոցում, որոշներն էլ հանրապետությունից դուրս էին», – ասել է խորհրդի անդամը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում