Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի ընտանիքի հայցը բավարարվել է: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 6-ին հայտնել է ՀՀ Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Հայաստանի ԱԱԾ-ն՝ հունվարի 29-ին Ադրբեջանի քաղաքացի, Բաքվի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների հետ, եկել էր հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ և դիմել իշխանություններին՝ քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: ԱԱԾ-ն հայտնել է, որ Օրուջևը ստիպված է եղել համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո։
Հայաստանի իշխանությունների որոշման համաձայն՝ ընտանիքը ճանաչվել է փախստական․ «Նրանց հայցը բավարարվել է, ճանաչել ենք փախստական և տրամադրել ենք ապաստան Հայաստանի Հանրապետությունում»,- հայտնել է Գագիկ Եգանյանը
Հայաստանի կողմից Ջավիդ Օրուջևի ընտանիքին քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ ադրբեջանական կողմը դեռևս մեկնաբանություններ չի արել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական APA գործակալությունը մանրամասներ էր ներկայացրել Հայաստանի սահմանը հատած ադրբեջանական ընտանիքի մասին։ 38-ամյա Ջավիդի մասին գործակալության թղթակցին պատմել է նրա մայրը՝ Միրվարի Օրուջևան։
Օրուջևի մայրը պատմել էր, որ Ջավիդը լարված հարաբերություններ ունի եղբոր հետ, որն աշխատում է որպես տեխնիկ Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությունում։ Օրուջևի հայրը ծնվել է Շուշիում՝ 1945 թվականին, աշխատել է որպես ուսուցիչ միջնակարգ դպրոցներում ու մահացել 2008 թվականին։
Մոր խոսքով՝ Ջավիդը ցանկանում էր հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից ու Հայաստանի միջոցով երրորդ երկիր մեկնել ու այնտեղ քաղաքական ապաստան խնդրել։
Ջավիդն առաջին անգամ ամուսնացել է 2008 թվականին, սակայն մոտ մեկ տարի անց ամուսինները բաժանվեել են, երբ պարզվել է, որ կինն արդեն ամուսնացած էր։
«2009 թվականին Ջավիդը ինտերնետով ծանոթացավ Ռոյա Միրզոևայի հետ ու նրա հետ ընտանիք կազմեց։ Նրանք երեք երեխա ունեցան։ Միրզոևան նախկինում նույնպես ամուսնացած է եղել ու վերցրել է ամուսնու ազգանունը»,- պատմել է Ջավիդի մայրը։
Նրա խոսքով՝ Միրզոևայի հայրը ծագումով Շուշիից երգահան Ռաուֆ Ալիևն է, իսկ մայրը՝ Ալիևա Ալիա Դավուդովնան։ Ջավիդի զոքանչի հանգուցյալ հայրը՝ Դավուդ Միրզոյանը, արմատներով Ղարաբաղից էր, ազգությամբ՝ հայ, իսկ մայրը՝ լեհաստանցի հրեա։
Մայրը պատմել է, որ Ջավիդը նախկինում երեք տարի աշխատել է մասնավոր անվտանգության ծառայությունում, որից հետո որևէ տեղ չի աշխատել ու միշտ երազել է ապրել արտասահմանում։ 2001-2003 թթ-ին նա ապրել է Ռուսաստանում, այնուհետև՝ վերադարձել․ «2010 թվականին կնոջ ու մի երեխայի հետ կրկին մեկնեց Ռուսաստան, իսկ այնտեղից՝ Նորվեգիա։ 2013 թվականի սեպտեմբերին, սակայն, կրկին վերադարձավ Ադրբեջան։ Նորվեգիայի կառավարությունը նրանց մշտական բնակության իրավունք չտվեց։ Նա ասում էր, որ գործազրկության նպաստ էր ստանում։ Նորվեգիայում ևս երկու երեխա ունեցան։ Երեխաներին անվանել է իր փաստաբանի պատվին՝ Նորման Բրոյն ու Սամուել Բրոյն»։
«Նորվեգիայից վերադառնալուց հետո Ջավիդը մշտական բնակության իրավունք ստանալու համար բազմիցս դիմել է Ադրբեջանում Գերմանիայի ու Իսրայելի դեսպանություններ, սակայն համաձայնություն այդպես էլ չի ստացել»։
Միրվարի Օրուջևան ենթադրում է, որ Հայաստանի միջոցով երրորդ երկրում բնակության իրավունք ստանալու միտքը որդուն տվել են կամ դեսպանություններում, կամ Նորվեգիայի ծանոթները, որոնք իմացել են կնոջ հայկական արմատների մասին։