Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Հետք»-ն ընդդեմ «Առաջին լրատվական»-ի գործով դատական նիստը, գրում է Panorama.am-ը։
Հայցվորը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունն է, որը «Առաջին լրատվական»-ից պահանջում է վերացնել հեղինակային իրավունքի խախտումները, հեռացնել նյութերը կայքից և որպես փոխհատուցում վճարել 200 հազար դրամ:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի անդամ Գրիշա Բալասանյանը այսօր դատարանում դիմում է ներկայացրել` խնդրելով փոխել հայցի հիմքը և առարկան: Panorama.am-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ հունվարին, երբ ներկայացրել էին առաջին հայցը, պահանջը վերաբերում էր «Հետք»-ի երկու հրապարակումներին: Սակայն հետագայում մինչև նախնական դատական նիստը, «Առաջին լրատվականի» «blog.1in.am»-ը մի քանի հեղինակային հրապարակումներ է արտատպել «hetq.am» կայքէջից` առանց պատշաճ հղման: Այժմ արդեն հայցվոր կողմի պահանջը ընդհանուր առմամբ վերաբերում է 8 հրապարակումներին:
«Քանի որ նրանք Hetq.am-ից բազմիցս հրապարակումներ էր վերցնում, սոցիալական ցանցերով, տարբեր մեկնաբանություններում նրանց խնդրել ենք հղում ավելացնել, սակայն որևէ արձագանք չեն տվել: Դրանից հետո էլ չենք զգուշացրել, քանի որ անիմաստ է զգուշացնել մի բանի մասին, որը չեն անում: Նյութեր կան, որ ամբողջությամբ են վերցրել, նյութեր կան, որ մի պարբերություն ընդամենը չեն վերցրել, նյութեր կան, որ վերնագրում բացակայել է դոմեյնի անունը», – ասել է Գրիշա Բալասանյանը:
Նյութի սկզբնաղբյուրը՝ Panorama.am