«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահականից ստացել է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր: Այս մասին ասված է ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ կուսակցությունից նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը:
«ԲՀԿ-ն հանդիպման է գնում երկրում էական փոփոխություններ իրականացնելու օրակարգով: ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացնել ժողովրդի մոտ կուտակված և երկրի առաջ ծառացած հրատապ խնդիրների ցանկը և դրանց շուրջ ԲՀԿ-ի մոտեցումները: ԲՀԿ-ն հանդիպման մասին տեղյակ է պահել ոչ իշխանական քառյակի իր գործընկերներին, և հանդիպումից հետո նրանց տեղեկացնելու է արդյունքների մասին: ԲՀԿ-ն տեղեկացնում է նաև, որ կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը ԲՀԿ-ի օրակարգում չկա», – ասված է հաղորդագրության մեջ։