Այսօր ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը` այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները Հանձնաժողովի կողմից ներկայացվել են Սերժ Սարգսյանին:
Քանի որ հայեցակարգի նախագիծը նախնական է և պետք է անցնի պարտադիր հանրային քննարկումների փուլ, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշել է, որ այս փուլում ի սկզբանե նպատակ չի դրվել բոլոր հարցերի վերաբերյալ ձևավորել միասնական և վերջնական դիրքորոշումներ: Դրանցից, մասնավորապես, ընդգծվել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորմանը, դատական իշխանության գործառութային և ինստիտուցիոնալ արդյունավետությանը, ինչպես նաև պետության կառավարման ձևին և ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցերը, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից։
Սերժ Սարգսյանը նշել է, որ բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է:
«Ինչևէ, գտնում եմ, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից բարձրացված այս հարցը, ի թիվս այլնի, պետք է դառնա հանրային քննարկումների առարկա: Սակայն կարևոր է նաև նկատի ունենալ, որ քաղաքական երանգ ունեցող հարցերին վերջնական գնահատական տալուց չպետք է անտեսվեն կամ թերագնահատվեն մեր երկրի քաղաքական ուժերի մոտեցումները: Այդ պատճառով հանրային քննարկումների կազմակերպումը, դրանց անցկացմանը մասնագետների, քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ և արդյունավետ մասնակցությունը կարևոր է հավասարակշռված որոշումներ ընդունելու համար: Այդ որոշումները պետք է միտված լինեն պետության կայուն զարգացման ապահովմանը, այլ ոչ թե առանձին խմբերի կամ նեղ շահերի սպասարկմանը», – Սերժ Սարգսյանի խոսքերն է փոխանցում նախագահի մամուլի գրասենյակը:
Նշենք, որ փաստաթղթով առաջարկվում են հետևյալ մոտեցումները.
1. Հանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից:
Նման կարգով ընտրված Հանրապետության Նախագահը հնարավորություն կունենա լիարժեք կերպով ստանձնել վերկուսակցական նախագահին բնորոշ բոլոր գործառույթները։ Նրա հիմնական առաքելությունը կլինի Սահմանադրության պահպանմանը հետևելը, հակակշռող և զսպող լիազորությունների արդյունավետ գործադրումը, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա չունի ուղղակի ներգրավվածություն քաղաքական ընթացիկ խնդիրներում, վերկուսակցական է, անաչառ և կատարում է, առաջին հերթին, հաշտարարի ու միջնորդի դեր՝ ունենալով երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարևոր առաքելություն։ Դա համակարգային կայունության ապահովման ամենագործուն երաշխիքը կարող է դառնալ։
2. Վարչապետը պաշտոնն ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև: Սահմանադրական երեք մարմինների միջև իշխանությունների գործառութային բաժանումը տվյալ դեպքում կլինի առավել հստակ։
Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ, իսկ Հանրապետության Նախագահը կհետևի օրենսդրի և գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը։
Վերոնշյալ խնդիրների արդյունավետ լուծման համար նման համակարգը պետք է ենթադրի գործադիր իշխանության ղեկավարի համար պառլամենտական կայուն մեծամասնության առկայություն: Նման համակարգում.
28 ա) կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ, առանց դուալիստական գործադիր իշխանության վտանգի, հատկապես երկրի համար կենսական կարևորություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգությունը և պաշտպանությունը,
բ) չի կարող լինել խորհրդարանի և Հանրապետության Նախագահի միջև առճակատում, քանի որ Հանրապետության Նախագահը կլինի վերկուսակցական անաչառ արբիտր,
գ) «պատահական» անձանց իշխանության գալու վտանգը և իշխանության գերանձնավորումը խիստ կնվազի, քանի որ վարչապետ կարող է դառնալ միայն ամենաուժեղ և հանրորեն ընդունելի քաղաքական կուսակցության ղեկավարը.
դ) չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում՝ չունենալով համարժեք քաղաքական պատասխանատվություն խորհրդարանի առջև.
ե) կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կնպաստի կոլեգիալ կառավարմանը.
զ) կբարձրանա խորհրդարանի քաղաքական դերը՝ ինչպես օրենսդիր, այնպես էլ վերահսկողություն ունեցող մարմնի, որտեղ պետք է էականորեն ուժեղացվի ընդդիմության դերը.
է) խորհրդարանի քաղաքական դերի բարձրացումը կնպաստի կուսակցություն- ների կողմից իրենց բուն գործառույթների իրականացմանը և երկրում աստիճանաբար երկբևեռ դասական քաղաքական համակարգի ձևավորմանը.
ը) երկիրը կկարողանա ավելի ճկուն դիմագրավել արտաքին քաղաքական մարտահրավերներին, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ և ավելի նվազ չափով անձնավորված։
Լուսանկարը՝ President.am