«Ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին», – այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նշենք, որ, համաձայն Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի, Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից:
Այսօրվա հանդիպմանը Սերժ Սարգսյանը նշել է, որ, իր կարծիքով, Հայաստանի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է:
«Ինչևէ, գտնում եմ, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից բարձրացված այս հարցը, ի թիվս այլնի, պետք է դառնա հանրային քննարկումների առարկա: Սակայն կարևոր է նաև նկատի ունենալ, որ քաղաքական երանգ ունեցող հարցերին վերջնական գնահատական տալուց չպետք է անտեսվեն կամ թերագնահատվեն մեր երկրի քաղաքական ուժերի մոտեցումները:
Այդ պատճառով հանրային քննարկումների կազմակերպումը, դրանց անցկացմանը մասնագետների, քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ և արդյունավետ մասնակցությունը կարևոր է հավասարակշռված որոշումներ ընդունելու համար: Այդ որոշումները պետք է միտված լինեն պետության կայուն զարգացման ապահովմանը, այլ ոչ թե առանձին խմբերի կամ նեղ շահերի սպասարկմանը:
Մենք միասին պետք է կարողանանք իրավիճակային կամ ցանկացած մարդու ու ցանկացած քաղաքական ուժի շահերից վեր լուծումներ ամրագրել, քանի որ դա վերաբերում է մեր երկրի զարգացման ընթացքին, վերաբերում է ապագային: Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Եվ որպես այս ճանապարհով շարժվելու սկիզբ, ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով», – Սերժ Սարգսյանի խոսքերն է փոխանցում նախագահի մամուլի գրասենյակը։
Նա նշել է, որ համաձայն է Հայեցակարգի հանրային քննարկումների ժամկետը երկարաձգելու առաջարկի հետ և գտնում է, որ որպես այս փաստաթղթի հեղինակ, հենց հանձնաժողովը պետք է ստանձնի այդ քննարկումների պատշաճ անցկացման և դրանց արդյունքների ամփոփման բարդ ու պատասխանատու առաքելությունը: