Ղրիմի թաթարների առաջնորդ, խորհրդային տարիներին այլախոհ, ուկրաինացի քաղաքական գործիչ Մուստաֆա Ջեմիլևին հանձնվել է Թուրքիայի պետական բարձրագույն պարգևը։ Ստամբուլում ապրիլի 16-ին կայացած արարողության ժամանակ նախագահ Աբդուլլա Գյուլը Ջեմիլևին պարգևատրել է Թուրքիայի Պետական շքանշանով։ Ղրիմում ղրիմաթաթարական ժողովրդի մեջլիսի նախկին ղեկավարը Թուրքիայի կառավարությանը շնորհակալություն է հայտնել երկրի համար այս դժվարին պահին Ուկրաինային հասցված աջակցության համար։
Ջեմիլևն ու Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն, ով նույնպես այցելել է Թուրքիա, Գյուլի հետ քննարկել են Ուկրաինայում վերջին իրադարձությունները։ Հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան երբեք չի ճանաչի Ղրիմի անեքսիան։ Նրա խոսքով, Թուրքիան կաջակցի երկրի արևելյան շրջաններում կարգի հաստատմանը, ինչպես նաև՝ Սևծովյան շրջանում խաղաղությանն ու կայունությանը։