ՀՀԿ-ն դեմ է արտահայտվել ոչ կոալիցիոն ուժերի կողմից ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին։
Այսօր ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը 20 րոպե ընդմիջում է խնդրել նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին խորհրդարանական քննարկումներ անելու համար:
Նշենք, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կոչ էին արել ԱԺ չորս խմբակցությունները` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», քննելու համար լրացուցիչ վճարների, արագաչափերի, նկարահանող սարքերի, վճարովի ավտոկայանատեղիների, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի բարձրացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածության հարցը:
Ընդմիջումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, որ իրենք դեմ են հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ կառավարությունը ևս կողմ է փոփոխությունների:
ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ ապրիլի 23-ին կառավարության հետ լսումները ցույց են տվել՝ գործադիրը կարծում է, որ տուգանքները համաչափ են:
«Մենք, լսելով հրավիրյալ կողմի տեսակետը, մնում ենք այն տեսակետին, որ հարցը պետք է լուծվի ԱԺ-ում»,- ասել է Զոհրաբյանը:
Ինչևէ, ԱԺ մեծամասնությունը մերժել է հանձնաժողովի ստեղծումը` 62 դեմ, 51 կողմ ձայների համամասնությամբ: