Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ «Հայոց արծիվներ» ՀԿ-ի ղեկավար Խաչիկ Ասրյանի կողմից Զարուհի Փաստանջյանի և նրա հարազատների հասցեին հնչեցված սպառնալիքների գործով որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի կայքը։
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր վարույթն իրականացրած մարմնի և Գլխավոր դատախազության ներկայացուցչի մասնակցությունը դատաքննությանը ապահովելու համար: Այսօրվա նիստին, սակայն, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները կրկին չէին ներկայացել և դատարան ուղարկել էին գրություններ՝ բողոքի քննությունն առանց իրենց մասնակցության իրականացնելու խնդրանքով:
Արթուր Սաքունցը դա որակեց որպես անհարգալից վերաբերմունք դատական համակարգի նկատմամբ և միջնորդեց, որ դատարանին պետք է ներկայացվեն զբաղվածության վերաբերյալ հստակ հիմնավորումներ: Նախագահող դատավոր Կարինե Ղազարյանը, քննարկելով միջնորդությունը, մերժեց այն՝ համարելով, որ գործում առկա ապացույցները բավարար են որոշում կայանելու համար: Նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որից րոպեներ անց հրապարակեց որոշման եզրափակիչ մասը: Նրա որոշմամբ Սաքունցի վերաքննիչ բողոքը մերժվեց և օրինական ուժի մեջ թողնվեց ստորադաս դատարանի դատական ակտը:
Հիշեցնենք, որ , որ Ասրյանն ասել էր, թե «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել ոչ թե որպես Ժաննա Դ’արկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի»: Հետագայում Ասրյանը նշել էր, թե նկատի է ունեցել ոչ թե Փոստանջյանին, այլ նրա արարքը: Ասրյանն իր հայտարարությունն արել ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված հարցի առնչությամբ: