Home / Հայաստան / Վրաստանում չեն շտապում ստորագրել «օֆշորային սկանդալի հերոս» Սուքիասյանի արտահանձման որոշումը․ «Հետք»

Վրաստանում չեն շտապում ստորագրել «օֆշորային սկանդալի հերոս» Սուքիասյանի արտահանձման որոշումը․ «Հետք»

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին չի շտապում ստորագրել գործարար Աշոտ Սուքիասյանի (լուսանկարում՝ ձախից) արտահանձնման որոշում: «Հետքի» հետ զրույցում Վրաստանի արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիան Մսխիլաձեն հայտնել է, որ նախարարը դեռևս ժամանակ ունի, և դեռ չի լրացել այն ժամկետը, որի ընթացքում նախարարը պետք է ստորագրի Աշոտ Սուքիասյանի արտահանձման որոշումը:

«Նախարարն ասաց, որ ինքը դեռևս ժամանակ ունի և չի շտապում, և ոչ ոք այդ գործընթացը չի արագացնում»,- ասել է մամլո խոսնակը՝ հավելելով, որ հայտնի չէ, թե երբ կստորագրվի կամ կստորագրվի այդ որոշումը, թե ոչ:

«Օֆշորային սկանդալի» հերոս, գործարար Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին Թբիլիսիում։ Ապրիլի 15-ին Թբիլիսիի կենտրոնական դատարանը նրան Հայաստան արտահանձնելու որոշում էր կայացրել:

Աշոտ Սուքիասյանը, ով Նավասարդ Կճոյանի սանիկն է, հետախուզման մեջ էր, նա անցնում է գործարար Փայլակ Հայրապետյանի գործով: Սուքիասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու մեջ:

Ավելի վաղ hetq.am-ը փաստաթուղթ էր հրապարակել, համաձայն որի Սուքիասյանը, Սարգսյանն ու Կճոյանը օֆշորային ընկերության սեփականատերեր են: Հետագայում Սուքիասյանը օֆշորային սկանդալմն իր վրա էր վերցրել՝ հայտարարելով, որ առանց Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի գիտության նրանց անունով Wlispera Holdings Limited օֆշորային ընկերությունն է գրանցել Կիպրոսում: