Տիգրան Սարգսյանը պնդում է, որ օֆշորային սկանդալի բացահայտման մեջ ամենաշահագրգռված մարդն ինքն է։ Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ մայիսից hetq.am կայքը մի շարք հրապարակումներով է հանդես եկել, որոնցում արծարծվում է Տիգրան Սարգսյանի անունը, մասնավորապես, Տիգրան Սարգսյանի անունով Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության փաստաթղթեր են ներկայացվում։
«Հիշատակել են իմ անունը։ Ես կապ չունեմ, այդ օրն ու այդ ժամին ես Կիպրոսում չեմ եղել ու ձեռնարկության գրանցման հետ առնչություն չունեմ, ավելին՝ վարչապետ եղած ընթացքում Կիպրոսում ընդհանրապես չեմ եղել», – հայտարարել է Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Կիպրոսում ձեռնարկություններ են գրանցվել նաև մահացածների անունով։
Լրագրողի դիտարկմանը, թե ըստ որոշ տեղեկությունների՝ օֆշորային սկադալի մեջ ևս մեկ անուն է հայտնվել, ով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի մերձավորն է, վարչապետը պատասխանել է․ «Ինձ նույնպես հետաքրքիր է, թե պարոն Օսկանյանն ինչ բացատրություն կտա»: