2014 թվականին օրենք է ընդունվել, համաձայն որի հարկային հաշվետվությունները կարող են հանձնել նույնականացման քարտի առկայության դեպքում, ինչը փաստի առաջ է կանգնեցրել հազարավոր տաքսու վարորդների։
Այն տաքսու վարորդները, ովքեր մինչև ապրիլի 15-ը նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային եղանակով չեն հանձնել տարեկան հաշվետվությունը, ստիպված են 20 հազար դրամի չափով վարչական տուգանք վճարել ՊԵԿ-ին։ Խնդրի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ նոր ընդունված օրենքով սահմանված ժամանակահատվածը չի բավականացնում, քանի որ միայն նույնականացման քարտեր ձեռք բերելու գործընթացը տևում է շուրջ 1 ամիս։ Բացի դա, առկա են տեխնիկական բնույթի մի շարք խնդիրներ։
«Ինչ է՝ կարող է մի քանի բուհ ենք ավարտել, որ հիմա էլ նստենք համակարգչով հաշվետվություն տանք։ Մարդիկ կան, ոչ համակարգիչ ունեն, ոչ էլ հասկանում են՝ ի՞նչ անեն։ Ես գտնում եմ՝ պետք է նախկին վարչապետը, Գագիկ Բեգլարյանը (Տրանսպորտի և կապի նախարար-խմբ․) օգնեն, որ տղաները ստանան քարտերը, հետո նոր միայն հաշվետվություն պահանջեն։ Ամբողջ մեղքը իրենցն է», – ասել է բանախոսը։
Նա ասել է, որ նախկինում խնդիրներ չեն եղել, քանի որ հաշվետվությունները հանձնել են թղթով։
«2009 թվականին կառավարությունը հաստատեց անհատ ձեռներեցների լիցենզավորման կարգը, որոնք տարանջատվեցին տաքսի սերվիսներից։ Մարդիկ, տարեկան 25 հազար դրամ առանձին վճարելով, անհատ ձեռներեց կարգավիճակով գործունեություն ծավալեցին», – ասել է բանախոսը։
Խնդիրները ծագել են այն բանից հետո, երբ որոշում է կայացվել հրաժարվել տրանսպորտին տրվող դեղին համարանիշներից։ Տաքսու վարորդներին պետք է դրա փոխարեն հատուկ ստիկերներ տրամադրեին, ինչը չի արվել։
«Բեգլարյանի հայտարարությամբ՝ ապրիլի 1-ից պետք է տրամադրվեին այդ ստիկերները։ Բոլորը հանձնեցին դեղին համարանիշները, ու մինչև այսօր սպասում են ինչ-որ թղթերի։ Իրականում շատ սխալ հայտարարություն էր, մարդիկ անհատ ձեռներեցի կարգավիճակ ունեին, լուծարվեցին, իսկ 2014 թվականին ի հայտ եկավ նույնականացման քարտի հասկացողությունը, որոնց միջոցով մարդիկ պետք է տարեկան հաշվետվություն տան։ Այսօր շատերը հայտնվել են անելանելի վիճակում», – ասել է Հովհաննիսյանը։
Օրինական դաշտում գործող բոլոր տաքսու վարորդների անունից բանախոսը խնդրել է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին անդրադառնալ իրենց խնդրին ու 6 ամսով հետաձգել հաշվետվության ժամկետը։