Վարչական վերաքննիչ դատարանն այսօր քննել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի վերաքննիչ բողոքն ընդդեմ ոստիկանության որոշման: Ոստիկանությունը 2013թ․ հունիսի 4-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց ակցիայից հետո բերման էր ենթարկել ակտիվիստին և որոշում կայացրել նրան տուգանել 50.000 դրամի չափով: Նույն դեպքի հետ կապված Գասպարիին տուգանել էին նաև 35.000 դրամի չափով:
Տուգանքի հայցը ներկայացրել է ոստիկանության աշխատակից Աիդա Դեմիրխանյանը, ով հետագայում վարչական դատարանում որոշման բողոքարկման ժամանակ վիրավորվել է Գասպարիից և 1 միլիոն դրամ դրամական փոխհատուցում պահանջել:
Այսօրվա դատական նիստին Գասպարին ներկայացրել է իր վերաքննիչ բողոքը, սակայն Դեմիրխանյանը որևէ պատասխան չի ներկայացրել։ «Երբ պատասխանողը որևէ պատասխան չի ներկայացնում, դատարանը կարող է համարել, որ պատասխանողն ընդունում է հայցը»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Գասպարին:
Աիդա Դեմիրխանյանի լռությունը ակտիվիստը կապում է ոստիկանության աշխատակցի «անգետ ու անուս» լինելու հետ, ինչպես նաև նրանով, որ ուսում չունեցող մարդիկ կախված են լինում այլ օղակներից և հեշտությամբ կատարում են իշխանության պահանջները:
«Ամենակարևոր խնդիրը՝ դատավորը հաստատել է ոստիկանության պահանջը, ըստ որի մենք տհաճություն էինք պատճառում հարսանյաց հանդեսի մասնակիցներին (ակցիայի ընթացքում «Հարսնաքարում» հարսանյաց հանդես էր ընթանում – Epress.am): Դատարանը սա իր վերլուծության հիմքում է դրել, և դա ոչ այլ ինչ է, եթե ոչ մանիֆեստ մարդու իրավունքների հռչակագրի, որտեղ հարսանյաց հանդեսի մասկակիցներին տհաճություն չպատճառելու հանգամանքը ինքը գերադասել է հանրային ակցիա անելուն»,- ասել է Գասպարին:
Դատարանը քննության է առել Գասպարիի բողոքը, որտեղ առանձնացված են ոստիկանության թույլ տված չորս տիպի խախտումները, և լսել է Դեմիրխանյանի բանավոր խոսքը: Դատարանը գործով վճիռը կհրապարակի մայիսի 31-ին: