Գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում արագ փոփոխությունների պայմաններում չափազանց կարևոր է դառնում անվտանգության, այդ թվում՝ արտաքին հարցերում, ՀԱՊԿ անդամ-պետությունների գործողությունների համակարգման բարելավման թեման: Այս մասին այսօր Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ Մոսկվայում կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը։
«Դրա համար մենք ՀԱՊԿ-ում անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծեցինք: Ընդ որում, Հայաստանն առաջնորդվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների համար կարևորագույն հարցերում մեր դիրքորոշումների համադրման սկզբունքային անհրաժեշտությամբ՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում դրանց քննարկման ժամանակ:
Այդ մոտեցումը եղել է մեր դիրքորոշման հիմքում 2008թ. օգոստոսի դեպքերից հետո ամենատարբեր կազմակերպություններում քվեարկությունների ժամանակ: Եվ մենք հստակ պատկերացնում էինք, որ մի կողմից խոսքը մեր դաշնակցային հարաբերությունների, իսկ մյուս կողմից՝ մեր հարևան երկրի մասին է, որտեղ մենք մի քանի հարյուր հազարանոց մեծ համայնք ունենք, երկիր, որի տարածքով իրականացվում է Հայաստան ամբողջ մատակարարումների մոտավորապես 75 տոկոսը: Այդպես է եղել և՛ ՄԱԿ-ում, և՛ Եվրոպայի խորհրդում ուկրաինական ճգնաժամի հարցով քվեարկության ժամանակ: Ես կարծում եմ, որ մենք պետք է խստորեն պայմանավորվենք մեր արտաքին քաղաքականությանը վերաբերող գործողությունների համակարգման հետ կապված, քանի որ փոքր-ինչ տարօրինակ է ստացվում:
Հայաստանը հստակ հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը մեր ընկալմամբ համարվում է ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման ևս մեկ օրինակ: Այդուհանդերձ, մենք չափազանց մտահոգված ենք Ուկրաինայում բռնությունների աճով, այդ թվում՝ Օդեսայի, Սլավյանսկի, Կրամատորսկի և այլ շրջանների իրադարձությունների կապակցությամբ: Մեզ չի կարող չանհանգստացնել ստեղծված իրավիճակը, այդ թվում նաև այն պատճառով, որ այնտեղ ավելի քան կես միլիոն հայեր են բնակվում:
Խորին ափսոսանքով ենք նշում, որ այդ իրադարձությունները հանգեցրել են մարդկային զոհերի: Առաջնորդվում ենք նրանով, որ ճգնաժամը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով, լայն երկխոսության միջոցով, առաջին հերթին՝ հենց հասարակության մեջ, ինչպես նաև բանակցությունների միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի, այդ թվում նաև ընթացիկ տարվա ապրիլի 17-ին Ժնևում ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա:
Վլադիմիր Վլադիմիրի (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին – խմբ․), հուսով եմ, որ այսօր ոչ պաշտոնական միջավայրում Դուք մեզ կներկայացնեք Ուկրաինայում իրադրության զարգացման Ձեր տեսլականը: Իրադրության զարգացման վերլուծությունը վկայում է այն մասին, որ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսումը, երկխոսությանը ուժային միջոցների հակադրումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճնշումը բերում են աղետալի հետևանքների», – հայտարարել է Սերժ Սարգսյանը: