Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով չորրորդ խորհրդաժողովի շրջանակներում Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին ու Ղրղզստանին շարժական բուժախտորոշիչ կլինիկաներ կնվիրի՝ տեղի ունենալիք հանդիսավոր արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով «Ռոսպոտրեբնադզորին»։
«Ծրագրում ունենք երկու ավտոմոբիլ, որոնք կմեկնեն Հայաստան ու Ղրղզստան․ դրանք թե ախտորոշման կենտրոններ են, թե բժշկական օգնության կենտրոններ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է գերատեսչության ղեկավար Աննա Պոպովան՝ հավելելով, որ նման կլինիկա արդեն գործում է Տաջիկստանում, ու Ռուսաստանը դրանք նվիրում է անհատույց։
Նշվում է, որ տվյալ բուժկենտրոններում աշխատում են չորս բժիշկներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ, թերապևտ, դերմատովեներոլոգ և բժիշկ-լաբորանտ։ Բժիշկներից յուրաքանչյուրն օրական շուրջ 50 հիվանդ է ընդունում։ Բժիշկ լաբորանտը խորհրդատվություն և թեստավորում է կատարում՝ ՄԻԱՎ-ի, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, հեպատիտ B-ի, տուբերկուլյոզի էքսպրեսս-անալիզներ։
Շարժական կլինիկաների հանձնման արարողությանը կմասնակցեն ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ու ՌԴ-ում Ղրղզստանի դեսպան Բոլոտ Ջունուսովը։