Home / Հայաստան / «Ջեյմս Ուորլիքը նոր բան չասաց»․ Սերժ Սարգսյանը՝ Ղարաբաղի խնդրի լուծման մասին

«Ջեյմս Ուորլիքը նոր բան չասաց»․ Սերժ Սարգսյանը՝ Ղարաբաղի խնդրի լուծման մասին

Ղարաբաղյան հակամարտությունում հրադադարի 20-ամյակի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին ելույթում ու համանախագահների հայտարարությունում որևէ նոր բան չկար։ Այս մասին այսօր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ համանախագահները մեկ անգամ չէ, որ արտահայտել են հարցի շուրջ իրենց միասնական կարծիքը․ «Այն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող ժողովրդի ազատ կամարտահայտության սկզբունքով: Այս սկզբունքն այլընտրանք չունի, ու այս մասին բազմիցս հայտարարել են համանախագահող երկրների նախագահները, արտգործնախարարները: Վերջին անգամ դա ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ու որևէ նոր բան չասաց։ Նույն մոտեցումը կար նաև համանախագահների՝ հրադադարի 20-ամյակին նվիրված հայտարարության մեջ։ Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը փորձի այդ հայտարարությունները յուրովի մեկնաբանել, ինչքան էլ փորձի սկզբունքները մեկնաբանել յուրովի, միևնույն է, ոչինչ չի ստացվի»։

Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ բոլոր հակամարտությունները չի կարելի դիտարկել մեկ հարթության մեջ․ «Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագումնաբանությունը, պատմությունը, յուրաքանչյուրի լուծման համար կան նախադրյալներ: Միջազգային իրավունքի սուբյեկտներն իրենց ընկալումները և խնդրի լուծման ճանապարհները պայմանավորում են հենց այդ նախադրյալներով»։

Նա նաև հայտարարել է, որ չի կիսում այն կարծիքը, թե տարբեր երկրներ երկակի ստանդարտներ են ցուցաբերում՝ ընդգծելով, որ այդ մոտեցումները հենց բխում են հակամարտությունների պատմությունից, ծագումնաբանությունից ու նախադրյալներից:

«Որևէ փոփոխություն ես չեմ տեսնում, նույնիսկ ամենակոշտ հակամարտության դեպքում»,- եզրափակել է ՀՀ նախագահը։