Քաղաքացիական ազատությունների դեմ շատ պայքարողներ Սերժ Սարգսյանից չեն տարբերվում։ Նրանք Եվրոպայում հինգ աստղանի հյուրանոցներում թրեյնինգներ են անցկացնում, մինչդեռ սահմանի վրա քաղաքացիներն անպաշտպան են։ Այս մասին Epress.am-ի «Տեղեկատվական պատերազմ» հաղորդման ժամանակ ասել է «Կովկասյան խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավար, իրավապաշտպան Գեորգի Վանյանը:
«Այդ խաղաղարարությունը, որ տուն, զավակ կորցրած մարդկանց դժբախտության հաշվին շրջագայում են աշխարհով մեկ՝ իրենց թանկարժեք հոնորարներով, իրենց թանկարժեք հյուրանոցներով, ես դա համարում եմ դիակապտություն։ Ես համարում եմ, որ պատերազմական ավարը շարունակվում է խաղաղ պայմաններում։ Այ, օրինակ, ասում են՝ խաղաղարարությունը վտանգված է (նկատի ունի Բաքվում լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունները – Epress.am)։ Ինչո՞վ է վտանգված։ Եկեք մի հատ էսպիսի բան նայենք․ իսկ խաղաղարարությունը վտանգված չէ՞ր, երբ, օրինակ, գրավաճառին ձերբակալում են, որը ադրբեջանական գիրք էր բաց, փողոցում կանգնած վաճառում․ ոչ թե քարոզում, այլ վաճառում էր։ Օրվա ապրուստ էր հայթայթում։ Էդ մարդուն քանի տարով տարան դատապարտեցին։ Բա դա այսպես կոչված դիալոգին չէ՞ր խանգարում» – ասել է Վանյանը։
Նրա խոսքով՝ հեռուստացույցով ատելություն սերմանող, տեռոր քարոզող հաղորդումներ են հեռարձակվում, որոնց պատասխանատուները յուրաքանչյուր իրավական երկրում վաղուց պատասխանատվության կենթարկվեին։
«Ահա, ես ռեպորտաժ եմ նայում՝ «Բալիկ ջան, քանի՞ տարեկան ես», ասում է՝ չորս։ «Ի՞նչ ես դառնալու»։ «Սահմանապահ»։ «Որ ի՞նչ անես, բալիկ ջան»։ «Որ թուրքերին պաշտպանեմ»։ «Ո՞ւմ պաշտպանես»։ «Վայ, չէ, չէ, հայերին որ պաշտպանեմ, որ թուրք սպանեմ»։ «Բալիկ ջան, իսկ քանի՞ թուրք ես սպանելու»։ «Վեց»։ «Չէ, շատ թուրք պետք ա սպանես»։ «Հա, շատ թուրք կսպանեմ»։ Մի հատ էդ երեխայի ապագային նայեք, արդեն արժեհամակարգ գոյություն չի ունենալու։ Իր արժեհամակարգը թուրք սպանելն ա։ Իր արժեհամակարգը սպանությունն ա։ Եվ եթե մենք իրավական երկիր լինեինք, էդ լրագրողը վաղուց արդեն ձերբակալված կլիներ, որովհետև ինքը զբաղված ա տերրորիզմով, որովհետև ինքը տերրորի ա ենթարկում այդ երեխայի հոգին, որովհետև ինքը էդ տերրորիզմը տարածում ա եթերով», – ասել է իրավապաշտպանը։
Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ: