Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանիս նահանգի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Դժբախտ պատահարը տեղի էր ունեցել Ստամբուլից մոտավորապես 250կմ հեռավորության վրա գտնվող Սոմա քաղաքում։ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի խոսքով՝ պայթյունի պատճառ է հանդիսացել կարճ միացումը։ Յըլդըզը նշել է, որ զոհերի մեծ մասը մահացել է ածխածնի օքսիդի թունավորումից։ Պայթյունի պահին հանքահորում եղել է շուրջ 800 աշխատող։
BBC-ն գրում է, որ երեկ Անկարայում ու Ստամբուլում հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ ողբերգության կապակցությամբ իրենց զայրույթն արտահայտելու․ ոստիկանությունը նրանց ցրելու համար արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սոմա կատարած այցի ժամանակ տեղի բնակիչները փորձել են քարկոծել նրա շարասյունը։
Ողբերգության կապակցությամբ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին։
Թուրքիայի կառավարությունը հարյուրավոր զոհերի հիշատակին երկրում եռօրյա սուգ է հայտարարել։