Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Զդիսլավ Ռաչինսկին Անաստաս Միկոյանի արձանը Երևանում կանգնեցնելու գաղափարն անհասկանալի և անբարոյական է համարում, գրում է «Հայկական ժամանակը»։
Լեհաստանը կոմունիստական ռեժիմից խաղաղ ճանապարհով ազատագրելու 25-ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսի ժամանակ թերթի թղթակիցը Ռաչինսկիին խնդրել է հայտնել իր դիրքորոշումը Միկոյանի արձանը մայրաքաղաքի կենտրոնում կանգնեցնելու՝ Երևանի ավագանու ապրիլի 30-ի որոշման մասին:
Թերթը հիշեցնում է, որ արխիվներից մեկում պահվում է Կատինում մի քանի հազար լեհ սպաներին գնդակահարելու մասին Անաստաս Միկոյանի ստորագրությամբ փաստաթուղթը:
«Այդ փաստաթուղթը վերաբերում Է 22 հազար լեհերի գնդակահարությանը: Ինձ և ձեզ հայտնի է մեկ այլ փաստաթուղթ, որտեղ ասվում Է, որ Միկոյանը Մոսկվայի իշխանություններին խնդրում է ավելացնել գնդակահարության դատապարտված հայերի թիվը մի քանի հարյուր մարդով: Հետևաբար, իմ և հայերի վերաբերմունքը Միկոյանի նկատմամբ ակնհայտ է», – ասել է Ռաչինսկին: