Ֆրանսիացի լրագրող Լորան Ռիշարն (լուսանկարում) ու օպերատոր Էմմանուել Բախը երեկ՝ մայիսի 14-ին, բերման են ենթարկվել Բաքվի օդանավակայանում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է France-2 հեռուստաալիքի վերլուծական ծրագրերից մեկի խմբագիր Բենուա Բրինգերը։
Նրա խոսքով՝ բերման ենթարկված լրագրողները հավատարմագրված էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Բաքու լուսաբանելու համար։
Օլանդի մեկնելուց հետո լրագրողները որոշել են ևս երկու օր մնալ Ադրբեջանի մայրաքաղաքում ու մի քանի ռեպորտաժ պատրաստել։ Օդանավակայանում, սակայն, նրանց բերման են ենթարկել Ադրբեջանի իրավապահ մարմինների շուրջ 15 աշխատակիցներ, խլել բոլոր տեսանյութերն ու սարքավորումները և բռնի կերպով արտաքսել երկրից։
«Նրանք չեին ուզում հեռանալ առանց իրենց նյութերի, սակայն նրանց հարկադրաբար նստեցրել են ինքնաթիռ ու ուղարկել Ֆրանսիա»,- հայտնել է Բրինգերը՝ հավելելով, որ Օլանդի այցը լուսաբանելուց բացի, լրագրողները պետք է նաև պատրաստեին ռեպորտաժներ Ադրբեջանի և Ֆրանսիայի տնտեսական կապերի, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների իրավիճակի մասին։
«Շատ տարօրինակ է, որ լրագրողներին բերման են ենթարկել նույն օրը, երբ մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությունը։ Այս ամենը խոսում է երկրում մարդու իրավունքների և խոսքի ազատության իրավիճակի մասին»,- ասել է Բրինգերն ու նշել․ որ տեղի ունեցածի մասին արդեն տեղեկացրել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին ու Բաքվում երկրի դեսպանությանը։
Լուսանկարը՝ Contact.az-ից