Home / Հայաստան / Դատական դեպարտամենտն ապօրինաբար տուրք է գանձում. Օմբուդսմեն

Դատական դեպարտամենտն ապօրինաբար տուրք է գանձում. Օմբուդսմեն

Դատական դեպարտամենտը որոշ փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար մարդկանցից պետական տուրք է գանձում, ինչը նախատեսված չէ օրենքով: Այս մասին ասված է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դատական գործերից տրամադրվող փաստաթղթերի պատճենների համար պետական տուրք կարող է գանձվել բացառապես դատարանի ակտերի, հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենների, դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի տրամադրման համար: Նշված դեպքերից բացի՝ որևէ այլ փաստաթղթերի պատճենների տրամադրման համար պետական տուրքի վճարման պահանջ ներկայացնելը ուղղակիորեն խախտում է ՀՀ օրենսդրությունը, նշում են հաղորդագրության հեղինակները։

Այս խնդրով Օմբուդսմենին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ: Օրինակ, մարդուց պահանջել են 48.200 դրամ պետական տուրքի վճարում, իսկ մի շարք այլ անձանցից պահանջված պետական տուրքը բազմակի անգամ գերազանցել է նշված գումարը: Այդ պատճառով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում, որտեղ հանգամանալից ներկայացված են բոլոր իրավական հիմնավորումները:

«Խնդիրը կարող է կարգավորվել համապատասխան օրենսդրական փոփոխության արդյունքում: Այսինքն, ակնկալվում է օրենքում կատարել այնպիսի փոփոխություն, ըստ որի նման տուրքի գանձումը կսահմանվի օրենքով: Ընդ որում, անհրաժեշտ է սահմանել, որ փաստաթղթերի տրամադրման համար գանձվեն բացառապես պատճենահանման փաստացի ծախսերը: Հուսով ենք, որ համապատասախան պետական մարմինները սեղմ ժամկետներում կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի խնդիրը կարգավորվի իրավական ճանապարհով: Օմբուդսմենն իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել խնդրի հետագա կարգավորման հարցում:

Մինչ համապատասխան օրենսդրական փոփոխությունը՝ Օմբուդսմենը հորդորում է դադարեցնել օրենքով չնախատեսված տուրքերի գանձումը», – ասված է հաղորդագրության մեջ: