Home / Տեսանյութեր / Մեղադրյալի բողոքն ընդդեմ Մաշտոցի քրեականի նախկին պետի ուսումնասիրվում է

Մեղադրյալի բողոքն ընդդեմ Մաշտոցի քրեականի նախկին պետի ուսումնասիրվում է

Մարդու իրավունքների գրասենյակը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Հրաչյա Գևորգյանի դիմումի մեջ նշված փաստերի ուսումնասիրություն է կատարում։ Գևորգյանը իր դիմումում նշել է, թե նախաքննական մարմինն իր նկատմամբ չարաշահումներ է իրականացրել ու որոշակի ճնշումներ գործադրել։ Մեղարդյալը, մասնավորապես, նշել է, որ իրեն սպառնում է Մաշտոցի ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Արթուր Գևորգյանը։

Epress.am-ի հետ զրույցում ՄԻՊ աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցն ընդգծել է, որ ուսումնասիրության արդյունքների մասին այս պահին որևէ տեղեկատվություն տրամադրել չի կարող։

«Գևորգյանի խնդիրներից առաջինը վերաբերում էր առողջականին, քանի որ ինքը երկու օտար մարմին էր կուլ տվել (մեխ և ասեղ – խմբ․), ինչի վերաբերյալ պաշտպանը դիմել է Արդարադատության նախարարին։ Դրա արդյունքում նա տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոցի» վիրաբուժական բաժանմունք։ Իրականացվել է հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է երկու օտար մարմին, և, քանի որ օտար մարմինների չափերն ու դիրքը չեն բացառում բնական ճանապարհով դրանց դուրս գալու տարբերակը, Գևորգյանը գտնվում է բժիշկների դինամիկ հսկողության ներքո ու եթե կարիք լինի՝ կիրականացվի բժշկական միջամտություն։ Սա առաջին հարցն էր, որը կարծես թե ստացավ իր լուծումը, մնում է երկրորդը, այն էլ ուժի մեջ է», -ասել է մեր զրուցակիցը։

Epress.am-ն ավելի վաղ մի քանի անգամ անդրադարձ է կատարել Հրաչյա Գևորգյանի դատավարությանը։

Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Գևորգյանը և Գարիկ Հարությունյանը պատանդ են վերցրել Նաիրա Հարությունյանին, ով քաղաքացիական ամուսնության մեջ էր գտնվում Գևորգյանի հետ, նրա անչափահաս որդուն, ապա պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից` Ս.Հարությունյանից, գումար են պահանջել, որը ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին: Դատավարության ընթացքում վկաներից մեկը՝ Մերի Իսրայելյանը, պատմել է, թե ինչպես է Նաիրա Հարությունյանի հայրն իրեն խնդրել Հրաչյա Գևորգյանի դեմ ցուցմունք տալ։ Հիշեցնենք, որ Գևորգյանի գործի ձգձգումից դժգոհ նրա մայրը բողոքի ակցիա էր անցկացրել՝ փորձելով ինքնահրկիզվել նախագահական նստավայրի մոտ: