Այսօր ԱԺ-ում Եվրաինտեգրման հանձնաժողովի 2013 թվականի հաշվետվությունը ներկայացնելու համար ԱԳՆ-ից նշանակվել էր նորանշանակ փոխնախարար Կարեն Նազարյանը, ինչը դժգոհություն է առաջացրել պատգամավորների շրջանում: Մասնավորապես, Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ Նազարյանը ողջ 2013 թվականի ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանն է ներկայացրել և անձամբ քվեարկել էր Ուկրաինայի մասին բանաձևի դեմ: Հետևաբար, նա եվրաինտեգրման աշխատանքից հաշվետվություն տալու համար կոմպետենտ չէ:
«Մենք մտահոգված ենք և չունենք պատասխաններ: Մեզ միայն ասում են, որ պատեհ պահին պատշաճ ձևով կտեղեկացնենք»,- ասել է Արզումանյանը:
ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցչից Արզումանյանը հարցրել է իր քվերակության մասին, ինչին Նազարյանը պատասխանել է, թե Հայաստանի անկախությունից ի վեր երկրի համար կարևորագույն սկզբունքը ազգերի ինքնորոշումն է:
«Բավականին վիճահարույց է Ղրիմի հանրաքվեի, ինքնորոշման ճանաչման ձևը: Եվ եթե այդքան սկզբունքային եք, ինչո՞ւ չեք ճանաչում Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը»,- հարցրել է Ալեքսանդր Արզումանյանը: Նազարյանն ասել է, որ այդ մասին խոսելը վաղ է:
Անդրադառանալով Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) ՄԱԿ-ի ճանաչված սահմաններով մտնելուն՝ Արզումանյանն ասել է, որ Ռուսաստանը ևս ՄԱԿ-ում ճանաչված է այլ սահմաններով, այն է՝ առանց Ղրիմի, սակայն այն մտնում է Եվրասիական միություն Ղրիմի հետ միասին: Արզումանյանը հարցրել է՝ ինչու Հայաստանը ստիպված է լինելու մտնել Միություն առանց Լեռնային Ղարաբաղի:
Այս հարցին նորանշանակ փոխարտգործնախարարը չպատասխանեց:
Նշենք, որ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասել է, որ գրավոր հրավեր է ուղարկելու Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, որպեսզի վերջինս գա ԱԺ՝ պատասխանելու պատգամավորների հարցերին: Զոհրաբյանն ասել է, որ փոխնախարարները, գալով ԱԺ, չեն տալիս այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք հուզում են օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին:
Նշենք, որ ԱԳՆ 2013 թվականի հաշվետվությունը ԱԺ-ում այսօր ներկայացրել է փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը, ով խուսափել է պատգամավորների որոշ հարցերից։