Home / Հայաստան / Մահացած զինվորի եղբայրը՝ իրավահաջորդ․ հարցաքննվել են վկաները

Մահացած զինվորի եղբայրը՝ իրավահաջորդ․ հարցաքննվել են վկաները

Մայիսի 10-ին Տավուշի մարզի զորամասերից մեկի մարտական հենակետում հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող շարքային Ներսես Կարապետյանի եղբայր Դավիթ Կարապետյանը քրեական գործով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել է: Այս մասին ասված է Պաշտպանության նախարարության տարածած հաղոդագրության մեջ։

Համաձայն ՊՆ-ի հաղորդագրության՝ բացի տուժողի իրավահաջորդից, հարցաքննվել են նաև մարտական հենակետի բոլոր զինծառայողներն, մի շարք սպաներ և այլ զինծառայողներ, Ներսես Կարապետյանի մայրը և դեպքին առնչվող տեղեկություններ ունեցող այլ անձինք:

Փորձագիտական եզրակացությունները դեռ պատրաստ չեն։

Հիշեցնենք, որ մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):

Զինվորի հարազատները Galatv.am-ի հետ զրույցում ասել են, որ Ներսեսը բանակում վարորդ էր, իսկ վերջերս անհանգիստ էր, առավել ևս, երբ արձակուրդ էր եկել, ընկերների հետ էր կիսվել, խոսում էր բենզինից ու կրկնում, որ խնդիրներ ունի, իսկ վերջին օրն արդեն դեպքից մի քանի րոպե առաջ մի քանի անգամ զանգել է ծնողներին, որ հետ զանգեն:

«Ծնողների հետ խոսել է ու, իհարկե, անհանգիստ է եղել՝ բենզինի խնդիրներ են եղել, նա վերջերս անընդհատ ասում էր դրա մասին՝ պահանջում են կամ բենզինը, կամ բենզինի գինը: Բայց ինքը բենզինից տեղյակ չի եղել, բենզինի փողից էլ: Վերջերս հաճախ էր դիմում, մեկ շաբաթ առաջ էլ էր դիմել արձակուրդ գալուց առաջ», պատմել է Ներսեսի հորաքրոջ ամուսինը՝ Զավեն Կարապետյանը։

Նա նշել է, որ տղայի հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը։

Լուսանկարը՝ Galatv.am