Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը տարբերակների յուրօրինակ փոխզիջում է, այլ ոչ այն փաստաթուղթը, որն ակնկալում էր պաշտոնական Մինսկը, հայտնում է Belta.by կայքը։
«Պայմանագիրը, որը հնարավոր է՝ ստորագրենք, ինչ-որ փոխզիջում է»,- Աստանա այցի նախօրեին Մինսկում կայացած հանդիպման ժամանակ ասել է Լուկաշենկոն։
«Բայց մենք երբեք ժլատ չենք եղել, մենք մեր գործընկերներից ու հարևաններից երբեք չենք պահանջել ավելին, քան տվել ենք։ Արդյունքում՝ պայմանագիրը, որը հնարավոր է՝ ստորագրենք, իրենից ինչ-որ փոխզիջում է ներկայացնում։ Ցավոք, դա այն պայմանագիրը չէ, որն ակնկալում էր Բելառուսը, ոչ էլ այն, որի մասին հայտարարել էին մեր գործընկերները, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Եթե խոսում ենք տնտեսական միության, լիարժեք մաքսային միության մասին, մենք որևէ մեկին չենք ստիպել խոստումներ տալ։ Առաջարկվել էր, որ այդ պայմանագիրը լինի առանց բացառությունների և սահմանափակումների։ Դա, փաստորեն, տնտեսական տեսանկյունից մի երկիր է․ երեք երկրների տնտեսությունների գործունեության կանոնները նույնն են ու գտնվում են մեկ իրավական գոտում։ Դա Ռուսաստանի հայտարարությունն էր, որի հետ, առաջին հերթին, համաձայնել էր Ղազախստանը։
Մենք հասկանում էինք, որ նրանց տնտեսությունները նշանակալիորեն տարբերվում են մեր տնտեսությունից․ նրանք ունեն հումքային տնտեսություն, նրանք ունեն նավթ, գազ և այլն, մեզ համար բարդ կլինի այդ պայմաններում աշխատել առանց բացառությունների և սահմանափակումների, բայց մենք, այնուամենայնիվ, հայտարարեցինք, որ համաձայն ենք ու կգնանք այդ քայլին»,- մասնավորապես, հայտարարել է Բելառուսի նախագահը։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը պետք է ստորագրվի այսօր՝ մայիսի 29-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: Նիստին մասնակցելու է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։