Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ անցյալ տարվա հունիսի 1-ին զինված միջադեպի գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին, հայտնում է «Դատալեքս»-ը։
Նախաքննության արդյունքում այժմ մեղադրվում է միայն Արտակ Բուդաղյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով՝ վարույթ իրականացնող մարմնի կարծիքով, Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին սպառնալիքներ հնչեցնելու համար:
Ըստ մեղադրանքի՝ «Արտակ Բուդաղյանը, իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, հունիսի 1-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում նրան ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»: