Այսօր Ազգային ժողովում ՀՀ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը չի պատասխանել հարցին՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մտնելու է Եվրասիական միություն Հայաստանի Հանրապետության հետ միասին:
Նա նաև ասել է, որ ֆիքսված չէր, թե այսօր Աստանայում Հայաստանի կողմից պետք է ստորագրվեր համաձայնագիրը, ուստի պետք չէ մտածել, որ ինչ-որ բան այնպես չի անցել:
«Խնդիրները չէին վերաբերում կոնցեպտուալ հարցերին, այլ ճանապարհային քարտեզին: Զուտ տեխնիկական հարցերին էր վերաբերում», – ասել է Մանասարյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը 3 անգամ հարցրել է պաշտոնյային՝ արդյոք Լեռնային Ղարաբաղը ևս մտնելու է Եվրասիական միություն, թե ոչ:
Փոխնախարարը նախ ասել է, թե «Ղարաբաղն ի՞նչ կապ ունի», այնուհետև խուսափել է հարցին պատասխանել՝ կրկնելով, որ սկզբունքային հարցերը լուծված են, մնում է տեխնիկական լուծումներ տալ:
«Լեռնային Ղարաբաղի հարցը տեխնիկակա՞ն եք համարում», – հարցրել է Բաբայանը:
«Ոչ, դա սկզբունքային հարց է, և այդպիսի հարցերի շուրջ բանակցությունները ավարտված են», – ասել է Մանասարյանը՝ հավելելով, որ Հայաստանն է մտնում Եվրասիական միություն, և Ղարաբաղը կապ չունի։
Նշենք, որ այսօր Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրապարակել է Եվրասիական միությանն ուղղված Իլհամ Ալիևի նամակը, որում նշվում է, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է միանալ այն սահմանների շրջանակներում, որոնցով երկիրը միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)։