«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանն այսօր առերեսման է հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն։ Քննիչից ստացած ծանուցման մեջ լրացուցիչ նշված է եղել, որ լրագրողը առերեսման ներկայանա առանց տեսախցիկի։ ՀՔԾ-ի շենքի մոտ հավաքված լրագրողների հետ զրույցում Գևորգյանն ասել է, որ ներկայացել է փաստաբանի հետ։
Նշենք, որ մայիսի 21-ին նշանակված առերեսումը չէր կայացել, քանի որ ՀՔԾ անցագրային կետում արգելել էին ներս մտնել, երբ պայուսակի զննությամբ պարզվել էր, որ նրա մոտ տեսախցիկ կա։
«Նորից ինձ կանչել են աշխատանքային օր ու ժամի, ուստի ես իմ մոտ եղած տեսախցիկը կհանձնեմ ընկերներիցս մեկին ու կխնդրեմ պահել, մինչև կավարտվեն քննչական գործողությունները», – ասել է լրագրողը։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները, ինչպես նաև Կոնգրեսի Վարչության անդամ Արեգ Գևորգյանը, ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը, լրագրողներ Սարգիս Գևորգյանն ու Անի Գևորգյանը բերման էին ենթարկվել Մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանելու ընթացքում։ Մինչ ոստիկանների ժամանելը՝ իրազեկման ակցիայի ընթացքում մի խումբ երիտասարդներ խոչընդոտել էին ակցիան, խլել թռուցիկները։
Ավելի վաղ մեր թղթակցի հետ զրույցում Գևորգյանն ասել էր, որ առերեսումը պետք է տեղի ունենար այն ոստիկանների հետ, ովքեր հարցաքննվել էին իր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում՝ «հայտնի է, որ առերեսում նշանակվում է այն ժամանակ, երբ տարբեր մարդկանց ցուցմունքներում առկա են էական հակասություններ»։
«Ես գնացի, բայց անցագրային կետում ասացին, որ տեսախցիկով չի կարելի ներս մտնել, ես էլ ասացի, որ աշխատանքային ժամ է ու բնական է, որ աշխատանքային տեխնիկան մոտս է։ Բացի դա, նշեցի, որ նախկինում բազմիցս եղել եմ ՀՔԾ-ում, պայուսակներս մոտս են եղել, ոստիկանները միշտ էլ ստուգել են ու տեսել են, որ մոտս տեխնիկա կա, երբևէ խնդիրներ չեն առաջացրել։ Նաև շեշտեցի, որ որևէ անգամ իմ կողմից փորձ չի արվել ներսում տեսախցիկով նկարահանումներ իրականացնել, այնպես որ իրենք արգելելու հիմք չունեն։ Ոստիկանները զգուշացրին, որ կարգն է այդպիսին, ու ես ստիպված եմ տեսախցիկս իրենց մոտ թողնել, ինչից ես հրաժարվեցի։ Ես չեմ կարող վստահել ոստիկաններին այն դեպքերից հետո, երբ բերման ենթարկելուց ոստիկաններն անընդհատ տարատեսակ սպառնալիքներ էին հնչեցնում՝ քաշում տեսախցիկը, հոխորտում, թե ձեռնաշղթաներ կհագցնեն և խուզարկություն կանցկացնեն։ Խլեցին տեսախցիկը, ինչպես նաև տեսախցիկի պայուսակը, հեռախոսս, հիշողության երեք քարտերը (չիպ), իսկ վերադարձնելուց հետո պարզվեց, որ երեքն էլ դատարկ են»,- նշել է լրագրողը։