Home / Հայաստան / Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա քրեական գործ են հարուցել

Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա քրեական գործ են հարուցել

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել` ՀՀ ՔՕ 164-րդ (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը օգտագործելով լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը) և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հատկանիշներով:

Ինչպես նշվում է ՀՔԾ-ի մամուլի հաղորդագրության մեջ, Անի Գևորգյանի հաղորդման մեջ ասված է, որ 2014 թվականի փետրվարի 12-ին` ժամը 18։00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են իր` լրագրողի մասնագիտական գործունեությանը, փորձել են խլել տեսախցիկը, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել ու չեն վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը և բռնություն գործադրել իր նկատմամբ: