Փետրվարի 12-ին ոստիկանություն բերման ենթարկված լրագրող Անի Գևորգյանը («Չորրորդ ինքնիշխանություն»), օպերատոր Սարգիս Գևորգյանը (iLur.am), ինչպես նաև նույն օրը բերման ենթարկված ՀԱԿ ակտիվիստներն անցկացվող ծառայողական քննության շրջանակներում որպես տուժող չեն անցնում։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Անի Գևորգյանը։ Լրագրողի խոսքով, սակայն, դեպքի հետ կապված բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ տեղի ունեցածը շատ պարզ երևում է։
Նշենք, որ Անի Գևորգյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունում, ոստիկանության ներքին անվտանգության ծառայության վարչությունում ևս ծառայողական քննություն էր նշանակվել, որը այս պահին կասեցվել է։
«Ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ես որպես վկա էի անցնում, իսկ ՀՔԾ-ում հարուցված գործով դեռևս որևէ կարգավիճակ չունեմ։ Այս թվարկվածներս բավարար հիմք են հանդիսանում՝ լուրջ կասկածներ ունենալու այդ քննությունների արդյունավետության վերաբերյալ», – ասել է մեր զրուցակիցը։
Ոստիկանության լրատվական բաժնից մեր թղթակցին տեղեկացրել են, որ գործը կասեցվել է այն պատճառաբանությամբ, որ ՀՔԾ-ում դեռ շարունակվում է քննությունը և միայն ավարտից հետո դրան կրկին կանդրադառնան։
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները, ինչպես նաև Կոնգրեսի Վարչության անդամ Արեգ Գևորգյանը, ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանիը, լրագրողներ Սարգիս Գևորգյանն ու Անի Գևորգյանը բերման էին ենթարկվել Մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանելու ընթացքում։ Մինչ ոստիկանների ժամանելը՝ իրազեկման ակցիայի ընթացքում մի խումբ երիտասարդներ խոչընդոտել էին ակցիան, խլել թռուցիկները։
Լուսանկարը՝ Անի Գևորգյանի ֆեյսբուքյան էջից