ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները։ Նման որոշում է կայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօրվա դռնփակ նիստում՝ քննարկելով 4 լրագրողների դիմումը՝ ընդդեմ պատգամավորի։
Ինչպես նիստից հետո «Փաստինֆո»-ին հայտնել է հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, հանձնաժողովի որոշումը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, կհրապարակվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում և կտեղադրվի պաշտոնական կայքում։
Լրագրողներն իրենց դիմումում հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել են ԱԺ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի վարքագծի վրա:
Դիմումում, մասնավորապես, ասված է, որ ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից րոպեներ անց խորհրդարանի դահլիճում գտնվող չորս լրագրողներ լուռ ակցիա են իրականացրել` պաստառներ պարզելով քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների առջև:
Լրագրողների բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանն բարձր ձայնով ասել է. «էս կապիկներին հանեք ստից»: