Այսօր ՀՀ կառավարության 2013 թվականի բյուջեի հաշվետվության ժամանակ նիստը վարող տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը թույլ չի տվել, որպեսզի պատգամավորների հարցերին պատասխաններ տրվեն կառավարության անդամների կողմից, եթե դրանք վերաբերում էին ոչ թե ֆինանսական հաշվետվությանը, այլ Կառավարության կամ նախարարության գործունեության այլ ոլորտներին։
Մասնավորապես, Այվազյանը թույլ չի տվել, որպեսզի հաշվետվություն ներկայացնող Էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը պատասխանի «Որոտանի» ՀԷԿ-երի կասկադի վաճառքի մասին հարցին:
Այվազյանն ասել է, որ այս պահին քննարկվում են միայն ֆինանսական ցուցանիշները:
Զեկուցողներից մեկին՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պետ Արտակ Շաբոյանին, գործնական հարց է տրվել: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարցրել է՝ բացի հավկիթի շուկայից, տնտեսական մրցակցությունը ապահովելու, մենաշնորհի դեմ պայքարելու համար որտե՞ղ, ի՞նչ աշխատանք է տարվել:
Սակայն այս դեպքում էլ Այվազյանը թույլ չի տվել հարցին պատասխանել:
«Ես ձեզ ու պարոն Շաբոյանին հրավիրում եմ իմ աշխատասենյակ: Լրագրողներին ևս հրավիրում եմ: Ձեր բոլոր հարցերին պատասխան կտվրի, բայց հիմա մենք հաշվետվությունն ենք քննարկում», – ասել է նա:
Այնուհետև Այվազյանը նկատել է, որ ռեկորդային արագությամբ է իր հանձնաժողովում հաշվետվությունը վերցվում: