Վրաստանի արդարադատության նախարարը հունիսի 3-ին որոշել է թույլատրել «Օֆշորային սկանդալի» հերոս, գործարար Աշոտ Սուքիասյանի (լուսանկարում՝ ձախից) արտահանձնումը:
ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը հանձնարարվել է կազմակերպել Աշոտ Սուքիասյանի տեղափոխումը Հայաստան:
Սուքիասյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին Թբիլիսիում։ Ապրիլի 15-ին Թբիլիսիի կենտրոնական դատարանը նրան Հայաստան արտահանձնելու որոշում էր կայացրել:
Աշոտ Սուքիասյանը, ով արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի սանիկն է, հետախուզման մեջ էր, նա անցնում է գործարար Փայլակ Հայրապետյանի գործով: Սուքիասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու մեջ:
Ավելի վաղ hetq.am-ը փաստաթուղթ էր հրապարակել, համաձայն որի Սուքիասյանը, ՀՀ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը օֆշորային ընկերության սեփականատերեր են: Հետագայում Սուքիասյանը օֆշորային սկանդալմն իր վրա էր վերցրել՝ հայտարարելով, որ առանց Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի գիտության նրանց անունով Wlispera Holdings Limited օֆշորային ընկերությունն է գրանցել Կիպրոսում: