Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, թե Բաքուն Բելառուսի գեղարվեստական մարմնամարզության հավաքականին խնդրել է հրաժարվել ելույթ ունենալ հայկական ծագում ունեցող խորհրդային երգահան Արամ Խաչատրյանի «Սուսերով պար» ստեղծագործության ներքո։
Նախարարության մամուլի քարտուղար Սամայա Մամեդովան Haqqin.az-ին հայտնել է, որ Երիտասարության և սպորտի նախարարությունը ֆեդերացիայի որոշումներին չի միջամտում։
«Ինչ վերաբերում է Բելառուսին, մենք չենք խնդրել հրաժարվել երգահան Արամ Խաչատրյանի ստեղծագործությունից։ Դա բելառուսական հավաքականի որոշումն էր, որին մենք հարգանքով ենք վերաբերվում։ Սա հայկական կողմի հերթական սադրիչ տեղեկությունն է, որը նպատակ ունի ստվեր գցել Ադրբեջանի վրա՝ որպես Գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնության կազմակերպչի»,- ասել է Մամեդովան։
Նշենք, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունից հրաժարվելու մասին ավելի վաղ հայտարարել էր բելառուսական թիմի գլխավոր մարզիչ Իրինա Լեպարսկայան։ Նրա խոսքով՝ հավաքականն այդ քայլին գնացել է Եվրոպայի առաջիկա առաջնության կազմակերպիչների խնդրանքով։
Գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի 30-րդ առաջնությունն անցկացվելու է Բաքվում՝ հունիսի 13-ից 15-ը։