Հայաստանի 47 գետերի վրա գոյություն ունեցող 25 փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) սոցիալ էկոլոգիական ազդեցության մասին կատարված նոր վերլուծությունը ցույց է տվել, որ նախագծերը չեն համապատասխանում ՀՀ օրենքներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերլուծությունը ներկայացնելով ասել է բնապահպան Վիկտորյա Բուրնազյանը:
ՓՀԷԿ-երի գործունեության հետևանքով մյուս խնդիրները հետևյալն են. ուսումնասիրված 47 գետերից 28-ը ծանրաբեռնվածությունը նորմայի սահմանում է, 16-ը՝ ճգնաժամային, 3-ը՝ աղետալի վիճակում են, հասարակական լսումներն իմիտացիոն բնույթ են կրում, որոշումներ կայացնելիս հաշվի չեն առնվում համայնքների բնակչության կարծիքները, հասարակական լսումներն անցկացվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և Օրհուսի կոնվենցիայի դրույթների խախտմամբ:
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը ոչ թափանցիկ է աշխատում. մերժում է տրամադրել հասարակական լսումների արձանագրությունները, կարծիքներ և բնապահպանական փորձաքննական եզրակացություններ:
Զեկույցի հեղինակը նշել է նաև, որո որոշ դեպքերում ՓՀԷԿ-երը նախատեսվել են արգելված գոտիներում, որոնք ընդգրկում են հատուկ պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ, սողանքային գոտիներ, ջրաբանական խոցելի տարածքներ, ինչը պետք է բացառվի:
Բնապահպան Ինգա Զառաֆյանն էլ նշել է, որ փոքր ՀԷԿ-եր կրող գետերի մոտ ազդակիր համայնքները չեն կարող օգտվել այդ ՀԷԿ-երից, քանի որ, ըստ ՀՀ օրենքի, ՀԷԿ-երը պարտավոր են էներգիան վաճառել էժան գնով ՀԷՑ-ին, որն էլ էլեկտրաէներգիայի գին է սահմանում և վաճառում բոլորին:
«Այսինքն՝ համայնքը վնաս է կրում, և ոչինչ չի ստանում փոխարենը: Նրանք կորցնում են այդքան ջուր, այդքան տարածք, բայց ոչինչ չեն ստանում, քանի որ վնասի գնահատում օրենքը չի պահանջում: Այսինքն՝ համայնքը սոցիալական առումով մնում է անպաշտպան: Նույնիսկ դատարանով չի կարող ոչ մի բան պահանջել»,- ասել է Ինգա Զառաֆյանը:
Հաշվի առնելով թույլ տրված խախտումները՝ հետազոտողը մի քանի առաջարկներ է արել․ մասնավորապես, թույլ չտալ, որպեսզի էկոլոգիական թողքը 50 տոկոսից ավելի լինի՝ գետը պահպանելու համար, թույլ չտալ, որպեսզի ՓՀԷԿ-երի հզորության չափը լինի ավելին քան 10 Մվտ-ն է: