Home / Հայաստան / Տրուբաներն ընկան, նոր մտածեցին անվտանգության մասին․ Սայաթ-Նովայի բնակիչները դժգոհ են կառուցապատողից

Տրուբաներն ընկան, նոր մտածեցին անվտանգության մասին․ Սայաթ-Նովայի բնակիչները դժգոհ են կառուցապատողից

Սայաթ-Նովա 10-12 հասցեում նախկին կաթսայատան տեղում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի շինաշխատանքներն ամիսներ շարունակ կաթվածահար են արել բակի անցուդարձը։ Epress.am-ի խմբագրություն ահազանգած բակի բնակչուհի Հռիփսիմե Պետրոսյանի խոսքով՝ «Լարկո գրուպի» կառուցապատողների գործողությունները նաև վտանգ են պարունակում և չեն պահպանվում անվտանգության չափանիշները։

Մեր զրուցակիցը պատմել է, որ երեկ երեկոյան շենքից պոկված երկաթյա ձողերը թափվել են երեխաների ուղղությամբ։

2sayatnova

«Էս ինչ պատիժ ա, բերեցին մեր շենքի քթի տակ էս շենքը կառուցեցին, օդը փակեցին, արևի լույսից ու քամուց զրկեցին, տան մեջ հանգիստ նստելուց էլ զրկվեցինք՝ ամբողջ տան եղածը դիմացից տեսնում են, բերել էս ամառ օրով բրեզենտ ենք կապել, որ բալկոնը փակենք, տան ներսը չերևա։ Հիմա էլ շենքից հազար ու մի զիբիլա պոկվում, ներքև ընկնում։ Երեկ իրիկվա կողմ մի աղմուկ բարձրացավ, դուրս թափվեցինք՝ տեսնենք դրանց կապած ապալովկի տրուբաները շենքից պոկվել են ու ընկել ներքևում կանգնած երեխեքի մոտ, մի ավտոմեքենա էլ վնասվել էր։ Զանգեցի ոստիկանություն՝ 1-70 համարով, ասացին, որ միայն վթարների, տուժածների ու զոհերի դեպքում կգան, հետո՝ 1-02, իրենք էլ հրաժարվեցին գալ, ես էլ ջղայնացա, ասեցի սահմանին զինվորի գլուխն եք ուտում, քաղաքի կենտրոնում էլ՝ մեր։ Հետո ամոթից եկան, արձանագրություն կազմեցին ու որոշեցին ցանկապատել տարածքը, նոր շարունակել շինաշխատանքները։ Փաստորեն, եթե երեկվա դեպքը տեղի չունենար՝ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ բնակիչներս վտանգի մեջ ենք», – ասել է Պետրոսյանը։

Նշենք, որ Սայաթ-Նովայի փողոցում կառուցվող շինության դեմ ամիսներ շարունակ բողոքել են հարակից շենքերի բնակիչները՝ ասելով, որ կառուցվող շենքի պատճառով արգելափակվում է մուտքը դեպի բակ և փակվում է իրենց բնակարանների լույսը։