Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանի նկատմամբ ուրիշի հողատարածքին տիրանալու համար ՀՔԾ-ում քննություն է ընթանում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթին այս մասին հայտնել է քաղաքացի Լևոն Բաբաջանյանը, ով նշել է, թե ձայնագրություն ունի, որտեղ դատավորն ասում է, թե ինչպես է տիրացել իրենց տանը:
Ըստ Լևոն Բաբաջանյանի՝ Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքի 1-ին փողոցի 7-րդ փակուղու թիվ 4 տունը պատկանել է իր պապիկին՝ Գրիգոր Սարուխանյանին, ում մահից հետո ժառանգությունն ընդունել է իր խորթ տատիկը՝ Անահիտ Խաչիկյանը: Տատիկի մահից հետո Բաբաջանյանի մորը մերժել են ժառանգություն գրանցել: Ավելի ուշ պարզվել է, որ մերժել են, քանի որ դատավոր Աշոտ Խաչիկյանն է տիրացել տանը:
Թերթը զրուցել է դատավոր Աշոտ Խաչիկյանի հետ, ով հայտնել է, որ ամեն ինչ արել է օրենքի սահմաններում, և հավելել, որ կարող է ներկայացնել բոլոր փաստաթղթերը:
«Ինձ հետ այդ կորած-մոլորած մարդիկ չեն կարող խաղ անել, դա չի լինի: Մինչև այսօր նրանց նկատմամբ որևէ հակառակ գործողություն չեմ իրականացրել, բայց ինձ պետք է պաշտպանեմ»,- ասել է դատավորը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ»-ի հունիսի 6-ի համարում