Home / Հայաստան / Ակտիվիստին «լակոտ» անվանած նախկին նախարարը խախտել է էթիկայի կանոնները․ Հանձնաժողով

Ակտիվիստին «լակոտ» անվանած նախկին նախարարը խախտել է էթիկայի կանոնները․ Հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել է, որ ակտիվիստին «լակոտ» անվանած Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը խախտել է էթիկայի կանոնները:

Հանձնաժողովի կայքի փոխանցմամբ՝ հարուցված վարույթի արդյունքում հաստատվել է եզրակացությունը, որում ասվում է որ բնապահպանության նախկին նախարար, այժմ՝ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը թույլ է տվել «Հանրային ծառայությունների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված էթիկայի կանոնի խախտում, այն է՝ չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է իր լիազորություններն իրականացնելիս։

Եզրակացությունն ուղարկվել է ՀՀ նախագահին և վարչապետին։

Հիշեցնենք, որ վարույթը հարուցվել րէ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրենի դիմումի հիման վրա։

Դիմումը կապված է մարտի 25-26-ին Երևանում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով միջազգային կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետ, որի մասնակիցն են դարձել բնապահպան ակտիվիստներն ու ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

««Անպատասխանատու» որակելով Հայաստանում իրականացվող հանքարդյունաբերությունը՝ բնապահպան ակտիվիստները միջոցացառման դահլիճում կազմակերպել էին բողոքի ակցիա՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Հայաստանի հանքարդյունաբերության և դրա նկատմամբ ՀՀ բնապահպանության նախարարության անարդյունավետ վերահսկողության առնչությամբ: Ի պատասխան ակցիայի մասնակիցների հնչեցրած կարծիքների՝ նախարարը սպառնացել էր ակցիայի մասնակիցներից մեկին, ասելով. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»: