Home / Տեսանյութեր / Նոր օրինագծով բժիշկները 7 ամիս չեն հայտնելու երեխայի սեռը․ խնդիրը կոռուպցիան է

Նոր օրինագծով բժիշկները 7 ամիս չեն հայտնելու երեխայի սեռը․ խնդիրը կոռուպցիան է

Առողջապահության նախարարության կողմից մշակված օրենքի նոր նախագծով բժիշկներն իրավունք չեն ունենա հղի կանանց հայտնել երեխայի սեռը մինչև պտղի 30 շաբաթը լրանալը։ Նոր օրինագծի պատճառը երեխայի սեռով պայմանավորված աբորտներն են։

Հանրապետությունում վերջին տարիներին հազարավոր աղջիկներ չեն ծնվել՝ հղիության արհեստական ընդհատման պատճառով: Խնդրի մասին իրենց զեկույցներում բազմիցս բարձրայնել են միջազգային կառույցները՝ հորդորելով ՀՀ իշխանություններին քայլեր ձեռնարկել հարցի լուծման ուղղությամբ։

Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշել է, որ միայն վերջին տարվա ընթացքում չծնված աղջիկ երեխաների թիվը կազմել է 2000:

Նրա խոսքով՝ տվյալ ցուցանիշը հաշվի առնելով՝ այս պահին անհրաժեշտ է ընդունել նախարարության հեղինակած օրենսդրական փաթեթը, որով թույլ չի տրվի պտղի մինչև 30 շաբաթական դառնալը ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը:

Բանախոսը նշել է, որ ժամկետը պատահական չէ ընտրվել․ կնոջ իրավունքները չեն խախտվում, հղիության 30-րդ շաբաթում նա կարող է իմանալ երեխայի սեռը և, ըստ այդմ, պատրաստվել, գնումներ կատարել:

Սարիբեկյանն ասել է, որ երեխայի սեռով պայմանավորված աբորտները միայն Հայաստանում չէ, որ խնդիր են: Եվրախորհրդի կողմից մի շարք այլ արևելաեվրոպական երկրներին ևս կոչ է արվել համապատասխան օրենսդրություն մշակել:

Փորձագետն ընդգծել է, որ օրենքին զուգահեռ մշակվել է վարչական իրավախախտումների մասին օրենք, որն առաջարկում է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի չափով՝ բժշկի կողմից առաջին անգամ օրենքը խախտելու, սեռը հայտնելու դեպքում: Երկրորդ անգամ սեռը ժամկետից շուտ ասելու դեպքում՝ բժիշկը կտուգանվի նշված գումարի կրկնակիի չափով:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ասել է, որ օրենքը կարևոր է, բայց դա բավարար չէ իրավիճակը շտկելու համար: Այն կարող է նոր կոռուպցիոն ռիսկերի առիթ տալ, ու նախարարությունը պետք է մտածի՝ ինչ լծակներով կանխել կոռուպցիան:

Նախարարության աշխատակիցն արձագանքել է, թե կոռուպցիայի վտանգ կա, բայց դրա դեմ դեռ հստակ մեխանիզմ չի մշակվել:

Քննարկմանը ներկա Ազգային ժողովի Առողջապահության մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Անուշ Սուքիասյանն ասել է՝ ԱԺ-ն գտնում է, որ ավելի մեծ ուշադրություն պետք է հատկացնել իրազեկման մակարդակի բարձրացմանը, ոչ թե նման սահմանափակումների:

Սարիբեկյանի խոսքով, սակայն, իրազեկման գործողությունները շատ դանդաղ են ազդում, իսկ Հայաստանը կոնկրետ շտապ լուծելու խնդիր ունի: