Հունիսի 9-ի երեկոյան մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ ակցիա էին կազմակերպել ընդդեմ Երևանի Պուշկին-Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող «Աֆրիկյանների տուն» անունով հայտնի պատմամշակութային հուշարձանը քանդելու։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Ըստ կառավարության որոշման, Աֆրիկյանների տունը պետք է ապամոնտաժվի ու կառուցվի մեկ այլ վայրում, իսկ ներկայիս շենքի փոխարեն պետք է վեր խոյանա հյուրանոց։
«Դա լայն դժգոհություն է առաջ բերել քաղաքացիական շրջանակներում։ Երեկ «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները, երկու խմբի բաժանված, գործողություններ էին ձեռնարկում շենքի քանդումը կանխելու համար․ առաջին խումբը ապամոնտաժում էր մետաղյա ցանկապատները, որոնցով շրջապատված է շենքը, իսկ երկրորդ խումբը զբաղված էր քարերի համարակալումը ջնջելով։ Քարերը համարակալվել էին վերակառուցվելու ժամանակ օգտագործվելու համար։
Ակտիվիստները իրենց հետ բերած շինարարական գործիքներով ապամոնտաժեցին թիթեղյա շինպարիսպների մեծ մասը», – գրում է օրաթերթը։ Ավելի ուշ դեպքի վայր ժամանեցին մի խումբ ոստիկաններ, ովքեր պահանջեցին գործողությունների դադարեցում, ինչին ակտիվիստները չհամաձայնեցին։ Շարունակելով ապամոնտաժումը ակտիվիստները գրեթե ողջ ցանկապատները հանեցին։ Դրանից հետո ոստիկանները համալրում ստացան, եկան կարմիրբերետավորները։ Առաջին փորձից նրանք կարողացան ակտիվիստներից միայն Վահագն Գևորգյանին մի կերպ ոստիկանական մեքենան խցկել։
«Որոշ քաղաքացիներ փակել են մեքենայի ճանապարհը, սակայն ոստիկանները բացեցին այն՝ բաժին տանելով Վահագն Գևորգյանին։ Քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Կենտրոնի ոստիկանական բաժանմունք։
Սակայն այստեղ ոստիկանների բռնի գուրծողությունները ավելի մեծ թափ ստացան, ու ի վերջո Կենտրոնի բաժնի մոտից բերման ենթարկեցին շուրջ 10 քաղաքացիներ», – նշում է «ՀԺ»-ն։ Ընդ որում՝ համազգեստով ոստիկանների հետ կողք կողքի կանգնած էին քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու սադրիչներ։ Կենտրոնի բաժին ժամանեց նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ու նրա այնտեղ գտնվելու պահին ևս քաղաքացիներին շարունակում էին բերման ենթարկել։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ նախապատրաստվում են նյութեր ՔՕ 185 հոդվածի (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնել կամ վնասել) հատկանիշներով։ Գիշերվա դրությամբ քրեական գործ, սակայն, չէր հարուցվել։
Գիշերը ժամը երկուսին ակտիվիստներին սկսեցին ազատ արձակել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում