ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում խորհրդարանական լսումներ անցկացնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի վերաբերյալ հարցերի շուրջ, քանի որ դրանց մեջ, հնարավոր է, պատճառահետևանքային կապ կա: Այս մասին նա այսօր հայտարարել է Ազգային ժողովում։
Փաշինյանի խոսքով՝ լսումներին պետք է ներկայանա Արտաքին գործերի նախարարը և բացատրի պատգամավորներին՝ ինչ փոխպարտավորություններ ունեն ՀԱՊԿ-ի անդամները, և ինչ պաշտոնական կարծիք ունի Երևանը՝ Աստանայի դեպքերի մասին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ այդ հարցով լսումները կկազմակերպվեն, հավանաբար, հունիսի 16-ին կամ 17-ին:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Աստանայում Նուրսուլթան Նազարբաևը մեջբերել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը՝ հայտարարելով, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միացել է այն պայմանով, որ դրա դրույթները պետք է տարածվեին Հայաստանի տարածքի վրա, երկրի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների շրջանակներում, և նույն կերպ պետք է լինի ԵՏՄ-ի դեպքում։
Նազարբաևի հայտարարությանն անդրադարձ է կատարել նաև պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով, երբ 1996 թվականին Հայաստանը մտնում էր Առևտրի միջազգային կազմակերպություն, Ղարաբաղի հարցը կար, սակայն դա չխանգարեց:
«Մեզ ընդհանրապես ուզում էին գործընթացից դուրս հանել, մենք հարց տվեցինք՝ «Լավ, Ղարաբաղի հարցն աշխարհն ասել էր, որ քաղաքականապես դեռ պարզ չէ, բայց տնտեսապես ի՞նչ եք ուզում»։ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը դիմեց Ադրբեջանին` կփոխե՞ս ռազմաճակատի գիծը, որպեսզի Ղարաբաղն առևտուր անի աշխարհի հետ, Ադրբեջանը պատասխանեց՝ ոչ։ Այսինքն՝ Ղարաբաղի տնտեսական գործունեությունն օրինական է: Այս ամենը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է իմանար։ Էս բաները որպեսզի արտգործնախարարը իմանա, պիտի գա ինձնից հարցնի` էն մարդկանցից, որոնք բանակցել են։ Հարցնի` էդ ո՞նց ա, որ հայկական դրամն օգտագործվել է Ղարաբաղի տարածքում։ Պետք է հարցնել»,- ասել է Բագրատյանը: