Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին այսօր ժամը 14:15-ի սահմաններում Ազատության հրապարակից բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին և մոտ 15 րոպե բացատրական աշխատանքներ տանելուց հետո բաց են թողել։ Epress.am-ի հետ զրույցում կինը պատմել է, որ ժամը 13։00-ի սահմաններում եկել է Ազատության հրապարակ, որտեղ ակցիա է կազմակերպել՝ անցորդներին խնդրելով 10 դրամներով օգնել իրեն 20 հազար դրամ հավաքել՝ վարչական տուգանքը վճարելու համար։
«Կառավարության շենքի մոտ մուկ ու կատու բաց թողնելու համար ինձ տարան ոստիկանական բաժին, ու իմ նկատմամբ 20 հազար դրամ վարչական տուգանք կիրառեցին։ Ես ոչ մի տեղ չեմ աշխատում, թոշակ չեմ ստանում, եկամտի որևէ աղբյուր չունեմ, ու դա բոլորին է հայտնի։ Ես բացահայտ հայտարարել եմ, որ տուգանքը մուծելու հնարավորությւոն չունեմ, բայց ոչ ոք այդ հանգամանքը հաշվի չառավ, ավելին՝ ամեն օր ինձ ստիպում են կատարել վճարումը։ Ես էլ ստիպված այսօր ոտքով 3-րդ մասից հասել եմ Ազատության հրապարակ ու պատահական մարդկանցից գումար եմ խնդրում՝ 10-ական դրամ, որ կարողանամ անհրաժեշտ գումարը հավաքել, բայց ոստիկանները թույլ չեն տալիս։ Ինչ անեմ, կախվեմ, թե ինքնասպանվեմ սրանց երեսից, թուրքի դեմ կռվեցինք, որ գանք ու մուրացկանի կյանքի արժանանանք։ Ոստիկանները հիմա էլ տանում են բաժին՝ պնդելով, թե հասարակական վայրը ճիշտ չեմ օգտագործում», – պատմել է ազատամարտիկը։
Բաժնում մի խումբ ոստիկաններ զրուցել են Մարգարյանի հետ, հորդորել են նման ակցիաներ չանցկացնել, ինչից հետո նրան բաց են թողել։