Շառլ Ազնավուրը մտադիր է Մոսկվայում համերգի ժամանակ կատարել նույնասեռականներին նվիրված Comme ils disent երգը։ «ԻնոՊրեսսա»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Կարլո Մորետտին՝ իտալական La Repubblica թերթում։
Երգիչը վերջերս դարձել է 90 տարեկան, սակայն նա լի է երիտասարդական եռանդով։ Ազնավուրը ժամանել է Հռոմ, որտեղ հուլիսի 1-ին կայանալու է նրա համերգը՝ Centrale del Tennis արենայում։ Երգիչը, ով Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, պատմել է իր երաժշտական գործունեության, քաղաքականությամբ իր հետաքրքրվածության, ինչպես նաև մարդու իրավունքների համար պայքարի մասին․ «Ես շարունակում եմ երգել ու երգեր գրել, քանի որ թոշակի անցնելը կբացեր մահվան դուռը»։
Հռոմից հետո՝ Ազնավուրին սպասում են Մոսկվայում, այդ պատճառով նրան, որպես նույնասեռականների թեմայով Comme ils disent երգի հեղինակի, միանգամից ուղղվել է հարցը՝ արդյոք նա այն կատարելու է երկրում, որը ղեկավարում է Վլադիմիր Պուտինը՝ մարդ, ով շարունակաբար ոտնահարում է նույնասեռականների իրավունքները։
«Պուտինի դիրքորոշումը սխալ է։ Չի կարելի դատապարտել բնակչության մի ողջ խմբի։ Իհարկե, կատարելու եմ այդ երգը, ամեն դեպքում, մտադրություն կա։ Պետք է, սակայն, ասեմ, որ եթե ինձ ուղղակի խնդրեն այդ երգը չկատարել, ես կմտածեմ, որ ես հարևան երկրի դեսպան եմ, երկիր, որին Ռուսաստանն օգնում է, ու ես չեմ ուզում խնդիրներ ստեղծել։ Մինչև վերջին վայրկյանը կմտածեմ, բայց հնարավոր է, նրանք մոռանան ինձանից նման բան խնդրել»,- ասել է Ազնավուրը։