Քանի որ հուլիսի 1-ից 200,000 պետական աշխատողների աշխատավարձը բարձրացվելու է, կուտակային կենսաթոշակային համակարգին պարտադիր կերպով մասնակցելը նրանց համար այլևս ծանր ֆինանսական բեռ չի լինի: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ներկայացնելով նոր նախագիծը, որով նախատեսվում է պետական հատվածի աշխատողների համար կուտակայինը պարտադիր դարձնել, իսկ մասնավոր հատվածի համար պարտադիրը հետաձգել 3 տարով։
Նախարարը թվել է պետական հատվածի ոլորտները, որտեղ աշխատավարձը բարձրացվելու է՝ միջինը 35 տոկոսով:
Ասատրյանն ասել է նաև, որ ֆիանսական բեռը մեծ չի լինի, քանի որ մինչ Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր կերպով գանձված գումարները հետ են բաժանվելու:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը ԱԺ-ից, հարցի քննարկմանը քիչ թվով պատգամավորներ են մասնակցում՝ հիմնականում ՀՀԿ-ականներ, ինչպես նաև 5 պատգամավոր ԲՀԿ-ից, 3-ական պատգամավոր ՀԱԿ-ից և ՀՅԴ-ից, «Ժառանգությունից» պատգամավորներ չկան: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հրաժարվել էր նոր նախագծի մասին կարծիք հայտնել` ասելով, որ կսպասի մինչև ԱԺ-ում այդ հարցը քննարկվի: