Home / Հայաստան / Պատգամավորը կուտակայինի հետ կապված ոգևորությունը համեմատել է Հայաստան-Թուրքիա խաղի հետ

Պատգամավորը կուտակայինի հետ կապված ոգևորությունը համեմատել է Հայաստան-Թուրքիա խաղի հետ

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր օրինագծով Կառավարությունը կոտրում է հանրության այն ոգևորությունը, որ եղավ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումից հետո: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նշենք, որ նոր օրինագծի համաձայն, կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր է դառնում պետական ծառայողների համար։ Կառավարությունը կարծում է, որ դա ծանր բեռ չի լինի, քանի որ հուլիսի 1-ից պետական ծառայողների աշխատավարձերը բարձրացվում են:

Մինասյանի խոսքով՝ հավաքված միջոցները կառավարող երկու հիմնադրամների իրավունքները ավելի բարձր են դասվել, քան Հայաստանի քաղաքացիների իրավունքները:

«Եթե դուք ներկա լինեիք Սահմանադրական դատարանի նիստերին, և տեսնեիք այն ոգևորությունը, որ հայ հասարակությունն ապրեց, այդ ոգևորությունը նման էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղում Հայաստանի հավաքականի հաղթանակի ոգևորությանը»,- ասել է Արծվիկ Մինասյանը: Պատգամավորը, հավանաբար, նկատի է ունեցել 2007 թվականի երիտասարդական հավաքականների երևանյան հանդիպումը, որում հայաստանցիները 2։1 հաշվով հաղթանակ տարան։

Պատգամավորը կարևորել է այն փաստը, որ նման լուրջ հնչեղություն ստացած օրինագիծը կառավարությունն ԱԺ է ներկայացրել է առանց ԱԺ հանձնաժողովներում քննարկման դնելը, ինչը օրենքի խախտում է:

«Մտածում եք՝ մեծամասնություն եք, կարող եք անցկացնել ամեն օրինագիծ, անցկացրեք: Վերջը դատարկ Հայաստան եք ունենալու»,- ասել է Արծվիկ Մինասյանը: 

Tekali Taxi