հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / 2 տուփ կոֆե = 2 հազար դոլա՞ր․ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է

2 տուփ կոֆե = 2 հազար դոլա՞ր․ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կաշառք վերցնելու մեջ մեղադրվող պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստն այսօր ընթացել է դռնփակ՝ առանց վերջինիս համակիրների մասնակցության։

Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում ոստիկանները մետաղյա պատնեշներ էին կառուցել դատարանի շենքի աստիճանների մոտ և ներս էին թողնում բացառապես նրանց, ովքեր անձը հաստատող փաստաթուղթ էին ցույց տալիս։ 

Epress.am-ի հետ զրույցում այսօր դատարանի մոտ հավաքված ազատամարտիկները նշել են, որ բոյկոտելու են դատական նիստը, բայց բակում են մնալու և պաստառներով ու դրոշներով սատարելու են իրենց մարտական ընկերոջը։

«Դռնփակ նիստի որոշում դատարանը չի կայացրել, կարգադրիչները կամայականորեն են հայտարարում, որ նիստը դատարանի որոշմամբ է դռնփակ անցկացվում։ Դատավորը պատճառաբանում է, թե մենք խոչընդոտում ենք նիստի ընթացքը, բայց ոչ մի որոշում էլ չունեն՝ հակառակ դեպքում լրագրողներին էլ ներս չէին թողնի»,- ասել է ազատամարտիկներից մեկը։

Մինչ նիստի մեկնարկը Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դատարանում հրապարակված իր հեռախոսազրույցների արձանագրությունների մեծ մասը իրականությանը չի համապատասխանում, իսկ վկա Հենրիկ Զաքարյանի ու իր միջև 2 տուփ սուրճի մասին խոսակցություն չի եղել։ Նշենք, որ, ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ «2 տուփ կոֆե» արտահայտությունը 2000 դոլար կաշառքի ծածկանունն է եղել։

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ավելին՝ համարում է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է, քանի որ ինքը եղել է ազատամարտիկների բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը։