20-ամյա Մինաս Երեմյանին «Արմենիա» բժշկական կենտրոնում գլյուկոզա են ներարկել` չիմանալով, որ նա շաքարախտ ունի։ Այս մասին Yerkir.am-ին պատմել է երիտասարդի բարեկամներից Պողոսը։ Նրա խոսքով՝ սրսկումից հետո Մինասը վատացել է, և նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ էլ մահացել է:
Երիտասարդի բարեկամն ասել է, որ Մինասն ինքը չգիտեր, որ շաքարախտ ունի, «բայց դա իրենց (բժիշկների) գործն ա, պետք իմանան, նոր անեն»:
«Էրեբունի» ԲԿ ընդունարանի վարիչ Հասմիկ Սաիյանը Yerkir.am-ին հայտնել է, որ տղան իրենց մոտ տեղափոխվել է շատ ծանր, գրգռված վիճակում` արյան մեջ շաքարի պարունակությունը շատ բարձր է եղել, նորմայից ցածր է եղել օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռության միավորը, ջերմություն է ունեցել, թոքերում երկկողմանի խզզոց է եղել:
«Գլյուկոզան շատ բարձր է եղել, առաջնակի հայտնաբերված շաքարային դիաբետ է եղել: Հիմա թե ինքը մեկ տարի, կես տարի, թե տասն օր է տառապել շաքարային դիաբետով, չեմ կարող ասել: Դրա համար հատուկ անալիզներ էր պետք անել պլանային կարգով, բայց էդ պահին դրա մասին մտածելն անլուրջ էր»,- ասել է Սաիյանը:
Երիտասարդը մոտ մեկ ամիս առաջ էր Հայաստան եկել` հարազատների մոտ հանգստանալու համար: Նա Ռուսաստանի քաղաքացի էր: