Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը որոշ ժամանակ անց նույնպես կցանկանան միանալ Եվրոպական միությանը։ Inopressa.ru կայքի փոխանցմամբ՝ Le Temps թերթի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Թերթի հետ զրույցում Սաակաշվիլին վերլուծում է ուկրաինական ճգնաժամը։ Նրա խոսքով՝ ներկայումս Ուկրաինան հայտնվել է մի իրավիճակում, որը նման է նրան, ինչ վերապրեց Վրաստանը՝ դառնալով Ռուսաստանի ռազմական ագրեսիայի զոհը։
«Վրաստանում հիմա անգամ իշխանության եկած ընդդիմությունն է միացել իմ եվրոպամետ ուղուն։ Ուկրաինայում այդ գաղափարը ժողովրդականություն է ձեռք բերում անգամ ռուսալեզու արևելքում։ Պարադիգմն ամբողջությամբ փոխվել է»,- նշել է Սաակաշվիլին։
Վրաստանի նախկին նախագահը համոզմունք է հայտնել, որ ապագայում Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ԵՄ-ի հետ համագործակցելու քայլեր ձեռնարկեն․ «Ժամանակի հետ` նրանք բոլորը կմիանան Եվրամիությանը»։
«Վլադիմիր Պուտինը կպայքարի մինչև վերջ, որպեսզի թուլացնի Ուկրաինան ու խանգարի երկրի՝ ԵՄ-ի հետ մտերմացմանը։ Նա վախենում է, որ Ուկրաինան կդառնա կայուն ու բարգավաճ երկիր»,- ասել է Սաակաշվիլին ու հավելել, որ այս պայքարում Պուտինը խաղասեղանին իր հեղինակությունն է դրել։
«Նա ցանկանում է՝ Ուկրաինան լինի որքան հնարավոր է թույլ, որպեսզի նրա տնտեսությունն ու բանակը ոչնչացվեն։ Նույն մեթոդներն օգտագործվել են նաև Վրաստանի դեմ, բայց մենք չհանձնվեցինք»,- եզրափակել է նախկին նախագահը։