ՀՀԿ-ական պատգամավորները, 3 անգամ սեղմելով համապատասխան կոճակը, ընդունել են մի օրինագիծ, որը խախտում է ՀՀ քաղաքացու իրավունքները և չի բխում հասարակական շահից: Այս մասին ասված է «Դեմ եմ» շարժման՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները Սերժ Սարգսյանին հիշեցրել են, որ նա իր ելույթներից մեկում նշել էր, որ ազգաբնակչության 80 տոկոսը դեմ է Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքին, սակայն մինչ այսօր ՀՀԿ-ական պատգամավորները քվեարկել են մի օրենքի համար, որը ոչ մի կերպ չի բխում Հայաստանի Հանրապետությունում դեռ ապրող քաղաքացիների շահերից:
«Եթե անգամ Դուք չհամաձայնեք մեզ հետ, որ այս օրինագիծը չի բխում մեր քաղաքացիների շահերից, ապա գոնե չեք կարող հերքել, որ Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը (Ձեր կարծիքով 80 տոկոսը) դեմ է այս օրենքին: Իսկ Սահմանդրությամբ իրեն ժողովրդավար հայտարարած երկրում չի կարող ընդունվել որևէ օրենք, որին դեմ է իշխանության կրողի՝ ժողովրդի մեծամասնությունը: Մինչ այժմ եղել են բազմաթիվ բողոքի ակցիաներ, որոնք փաստել են իրավիճակի լրջությունը և այն պարզ ճշմարտությունը, որ կուտակային կենսաթոշակային համակարգի՝ մինչ օրս ներկայացված և ոչ մի մոդել չի արժանացել հանրության հավանությանը:
Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք ականջալուր լինել ժողովրդի ձայնին և չվավերացնել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության կողմից ընդունված օրինագիծը, որը չի արժանանում հանրության հավանությանը: Եթե մինչ այժմ ՀՀԿ-ում մնացել է գոնե մեկ սթափ անձնավորություն, ում համար ժողովրդի կարծիքն արժեք ունի, ապա այդ հակասոցիալական օրենքի արշավը պետք է օր առաջ դադարեցվի, այլապես ստեղծված անջրպետը՝ ժողովրդի և իշխանությունների միջև, ավելի խորանալով, կփաստի, որ ՀՀԿ-ն այլևս ի վիճակի չէ լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները և Հայասատանը կառավարում է ոչ թե ժողովրդավարական սկզբունքներով, այլ կուսակցական և նեղ անձնային շահերի առաջնահերթությամբ:
Կոչ ենք անում Ձեզ օգտագործել Ձեր՝ վետոյի իրավունքն ու կասեցնել այս անմարդկային ու քաղաքացու շահերից չբխող օրինագծի՝ օրենք դառնալու գործընթացը», – ասված է հայտարարության մեջ: